17:51  ,  22 օգոստոսի, 2016

«Փյունիկ» - «Գանձասար-Կապան» խաղի գլխավոր մրցավարը որակազրկվեց

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  մրցավարական կոմիտեն եւ մրցավարական բաժինը, հիմք ընդունելով օգոստոսի 21-ին տեղի ունեցած Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» (3:0) խաղի տեսուչ Ս. Ղազարյանի զեկուցագիրը, համատեղ դիտել են տեսուչի կողմից զեկուցագրում նշված դրվագների տեսագրությունը, որի արդյունքում պարզվել է.

Խաղի 13-րդ րոպեին «Փյունիկ» թիմի դարպասին սխալմամբ չի նշանակվել 11 մետրանոց հարված, եւ «Գանձասար-Կապան» թիմի ֆուտբոլիստ Կլաուդիո Մարինի Ջունիորին անհիմն ցույց է տրվել կարմիր քարտ` կեղծակերպ արարքի համար երկրորդ զգուշացում ստանալու համար:

Խաղի 52-րդ րոպեին մրցավար Զ. Հովհաննիսյանը կոպիտ խաղի համար «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Վահագն Հայրապետյանի փոխարեն սխալմամբ դեղին քարտով պատժել է «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Վարդան Պողոսյանին:

Հաշվի առնելով նշված հանգամանքները, մրցավարական կոմիտեի անդամները որոշել են.

Միաձայն համաձայնվել տեսուչի որոշման հետ, մրցավար Զավեն Հովհաննիսյանին որակազրկել համաձայն մրցավարների եւ տեսուչների պատասխանատվության մասին կանոնակարգի, կետ 9-ի, որոշումը ներկայացնել ՀՖՖ ՄԿԱ բաժին` խաղի արձանագրությունում համապատասխան ուղղումներ կատարելու համար.

1. Չեղյալ հայտարարել «Գանձասար-Կապան» թիմի ֆուտբոլիստ Կլաուդիր Մարինի Ջունիորի 13-րդ րոպեի ստացած դեղին քարտը:

2. Չեղյալ հայտարարել «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Վարդան Պողոսյանի խաղի 52-րդ րոպեին  ստացած դեղին քարտը եւ այն գրանցել «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Վահագն Հայրապետյանի վրա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում