23:05  ,  27 հուլիսի, 2016

«Բարսելոնայի» մարզական տնօրեն. Երբեք չենք ցանկացել վաճառել Արդա Թուրանին

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը հայտարարել է, որ կատալոնական ակումբն այս ամռանը չի վաճառի թուրք կիսապաշտպան Արդա Թուրանին, որն անցած մրցաշրջանում է Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխփել «Բարսելոնա»:

«Թուրանի հետ կապված իրավիճակը չի փոխվել: Այո, նա բարդ մրցաշրջան ունեցավ, բայց մենք հրաշալի գիտենք, թե ինչի է նա ընդունակ, նաեւ չենք մոռանում նրա մրցելույթները Մադրիդի «Աթլետիկոյում»: Ցանկանում ենք, որ նա վերադառնա այդ խաղամակարդակին: «Բարսելոնան» երբեք չի ցանկացել վաճառել Թուրանին: Կասկած չկա, որ նա կարեւոր է մեր թիմի համար»,- մարզական տնօրենի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

29-ամյա Թուրանն անցած մրցաշրջանում անցկացրած 22 հանդիպումներում խփել է 2 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը: Նրա տրանսֆերը գնահատվում է 30 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում