16:46  ,  27 հուլիսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Գառնիկ Մնացականյան

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներին:

Օգոստոսի 5-ին Ռիոյում տեղի կունենա 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Հայաստանը Խաղերին կմասնակցի 33 օլիմպիականներով։

Գառնիկ Մնացականյան, ըմբշամարտ, ազատ ոճ, 57 կգ քաշային կարգ

Ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 7-ին Արարատի մարզի Ազատաշեն գյուղում։

Ամուսնացած է, ունի որդի։

Անձնական մարզիչն է Արշակ Հայրապետյանը։

Գառնիկ Մնացականյանը մեծահասակների կազմում մասնակցել է միայն միջազգային մրցաշարերի, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների դեռեւս չի մասնակցել։ Սերբիայի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր է։

Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել է Սերբիայի վարկանիշային մրցաշարում։

Ամեն ինչ սկսվեց․․․

Ըմբշամարտի հետ «կապս» սկսվել է 10 տարեկանից։ Մինչ այդ զբաղվել եմ թաեքվոնդոյով, հետո նաեւ բռնցքամարտով։ 10 տարեկանում եղբորս հետ որոշեցինք ըմբշամարտով զբաղվել։ Ու երկուսս էլ սիրեցինք այս մարզաձեւը։ Ուղղակի ինձ համար սա կյանքի ուղի է դարձել, իսկ եղբայրս դեռեւս հաճույքի համար է մարզվում։

Սիրում եմ այս մարզաձեւը, ոչ միայն ազատ ոճը, այլ ըմբշամարտն առհասարակ։ Այս մարզաձեւում ունեմ նաեւ ինձ համար առանձնացրած հերոսներ՝ Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Դավիթ Սաֆարյանը։ Ուզում եմ նրանց պես աշխարհի չեմպիոն դառնալ։ Իրանում աշխարհի չեմպիոններին հերոսի կոչումներ են տալիս, ինձ համար էլ մերոնք են իրական, ազգի հերոսներ։ Նրանցով ես ոգեշնչվում եմ գորգ մտնելիս։

Ռիո-2016 ուղեգիրը նվաճեցի․․․

Սերբիայի վարկանիշային մրցաշարին մասնակցելու հնարավորություն ստացա։ Չէի պատկերացնում, որ ինձ կհաջողվի օլիմպիական վարկանիշ ձեռք բերել։ Ես մեծահասակների կազմում դեռեւս չեմ մասնակցել ոչ Եվրոպայի առաջնությանը, ոչ աշխարհի։ Միայն միջազգային մրցաշարերի փորձ ունեմ։ Ուժերս փորձեցի Սերբիայի մրցաշարում ու միայն եզրափակչում չկարողացա մրցակցիս հաղթել։ Նվաճեցի արծաթե մեդալ ու նաեւ օլիմպիական ուղեգիր։ Շատ ուրախ եմ, որ օլիմպիական հավաքականի անդամ եմ։

Գնում եմ Ռիո․․․

Ասում են՝ օլիմպիական մեդալը չես փոխի ոչ մի մեդալի հետ, ոչ Եվրոպայի, ոչ աշխարհի։ Ճիշտ է՝ ես դեռեւս չունեմ աշխարհի կամ Եվրոպայի մեդալներ, բայց ամեն ինչ կանեմ, որ Օլիմպիական մեդալ նվաճեմ։

Հույսեր, սպասելիքներ․․․

Հույսս Աստված է։ Կանեմ այն, ինչ իմ հնարավորությունները կներեն։ Թե ինչ կստացվի, օլիմպիական գորգը ցույց կտա։

Հովսեփ Հովսեփյան (ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ)

Գառնիկը շատ աշխատասեր ու նպատակասլաց մարզիկ է։ Գիտի՝ ինչպես իրեն պահել գորգի վրա։ Գոտեմարտելու յուրահատուկ ոճ ունի։  Օլիմպիական գորգի վրա իր ոճով բոլորի համար էլ վստանգավոր կլինի։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով