21:36  ,  26 հուլիսի, 2016

Թոմաս Մյուլեր. Դորտմունդի «Բորուսիան» ձեռք է բերել հրաշալի խաղացողների

Դորտմունդի «Բորուսիան» ձեռք է բերել հրաշալի խաղացողների, եւ այժմ նրանք ֆավորիտ են, ասել է Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը՝ մեկնաբանելով Բունդեսլիգայում հիմնական մրցակցի տրանսֆերները:

«Նրանք շատ խնդիրներ ստեղծեցին մեզ համար անցած մրցաշրջանում: Այս ամռանը «Բորուսիա» են եկել հրաշալի ֆուտբոլիստներ, եւ նրանք Գերմանիայի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում ֆավորիտ են: Բայց նույնը կարելի է ասել մեր թիմի մասին: «Բավարիայի» համար մրցակցի ուժեղացումը խթանիչ է: Նրանց ուժեղացած կազմը մեզ կստիպի էլ ավելի մեծ եռանդով ձգտել հաղթանակի»,- Թոմաս Մյուլերի խոսքը մեջբերում է Bild-ը:

«Բորուսիայի» կազմը համալրել են Մարկ Բարտրան («Բարսելոնայից»), Անդրե Շյուրլեն («Վոլֆսբուրգից»), Ուսման Դեմբելեն («Ռենից»), Ռաֆայել Գերեյրոն («Լորյանից»), Մարիո Գյոտցեն («Բավարիայից»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում