26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստ Լաերսիո Գոմես Կոստայի եւ «Բանանց» ֆուտբոլային ակումբի միջեւ ստորագրվել է նոր պայմանագիր, հաղորդում է ակումի կայքը:
«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն ուրախ է բրացիլացու վերադարձի համար:
«Մեզ համար շատ կարեւոր է Լաերսիոյի վերադարձը, նա գոլեր խփող հարձակվող է: Կարծում եմ՝ ակումբի համար հաջողություն է Լաերսիոյին վերադարձնելը»,- ասել է իսպանացի մասնագետը:
Լաերսիոն «Բանանցի» կազմում է հանդես եկել 2015/16 մրցաշրջանում՝ Հայաստանի առաջնության եւ գավաթի խաղարկության 27 խաղում դառնալով 15 գոլի հեղինակ:
Նոր մրցաշրջանին ընդառաջ Երեւանի «Բանանցը» պայմանագրեր է ստորագրել եւս չորս ֆուտբոլիստների հետ: «Բանանցի» շարքերն են համալրել 29-ամյա եզրային պաշտպան Արթուր Ավագյանը, որը Կապանի «Գանձասարի» կազմում անցկացրել է 70-ից ավելի հանդիպում: Նա նաեւ հանդես է եկել «Կիլիկիայում» եւ «Արարատում»: Խաղացել է նաեւ Ղազախստանի առաջնությունում հանդես եկող Սեմեյի «Սպարտակ» թիմի կազմում: Նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Ալաշկերտում» ՝ դառնալով Հայաստանի չեմպիոն: Արթուր Ավագյանը մեկ հանդիպում է անցկացրել նաեւ Հայաստանի ազգային հավաքականում՝ 2013-ի օգոստոսին մասնակցելով Ալբանիայի դեմ ստուգողական խաղին:
26-ամյա կիսապաշտպան Վարդգես Սաթումյանը Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում իր ելույթները սկսել է Երեւանի «Միկայի» կազմում, որտեղ հանդես է եկել 2012-ից 2015 թվականներին: 2015/16 մրցաշրջանն անցկացրել է «Փյունիկում»՝ 24 խաղում դառնալով 7 գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը մասնակցել է Հայաստանի առաջնության 128 հանդիպման եւ դարձել է 24 գոլի հեղինակ:
20-ամյա դարպասապահ Հենրի Ավագյանը «Միկայից» է տեղափոխվել «Բանանց»: Նա իր հաջող ելույթներով աչքի է ընկել «Միկա-2»-ի կազմում, ինչպես նաեւ Հայաստանի պատանեկան հավաքականներում:
20-ամյա հարձակվող Հայկ Ոսկանյանը 2012/13 մրցաշրջանում է նշել իր նորամուտը Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում՝ խաղալով Դիլիջանի «Իմպուլսի» կազմում: 2013-ից 2016 թվականներին եղել է «Միկայի» ֆուտբոլիստ: Ընդհնաուր առմամբ Բարձրագույն խմբում անցկացրել է 38 խաղ եւ խփել է հինգ գնդակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում