11:48  ,  26 հուլիսի, 2016

«Մի օլիմպիականի պատմություն». Արթուր Դավթյան (ֆոտո)

NEWS.am Sport-ի «Մի օլիմպիականի պատմություն» խորագրի հերոսը սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, հենացատկի Եվրոպայի փոխչեմպիոն, մի քանի անգամ Հայաստանի լավագույն մարզիկի տասնյակում հայտնված, 23-ամյա Արթուր Դավթյանն է։ «Ռիո-2016»-ի ուղեգիր Արթուր Դավթյանը նվաճել է օլիմպիական փորձամրցման ժամանակ, որին մասնակցելու իրավունք էր ձեռք բերել 2015թ. աշխարհի առաջնությունում:

Արթուրը Հայաստանի օլիմպիական թիմի ժպտադեմ եւ հումորով անդամներից մեկն է, ում հետ զրուցելիս չծիծաղել  չի լինում։ Արթուրի հետ հարցազրույցներն անցնում են շատ ուրախ ու թեթեւ։ Արթուր Դավթյանը թաքնված ռոմանտիկ է։ Սիրում է անակնկալներ մատուցել սիրելիին։ Ասում է՝ամուսնության առաջարկը ռոմանտիկ «ձեւով» է լինելու։ Իսկ մինչ այդ, դեռ Ռիոյի օլիմպիական ոսկին պետք է նվաճի։

Արթուր, ինչպե՞ս է անցել մանկությունդ, ի՞նչ հիշողություններ ունես։

Ծնունդով Երեւանից եմ։ Տան կրտսեր երեխան եմ, ավագ եղբայր ունեմ։ Չար երեխա եմ եղել, բայց ինչպես ասում են՝ համով չարերից եմ եղել, ես կասեի՝ աշխույժ երեխա եմ եղել։ Բայց եղբորս հետ միշտ կռիվների մեջ ենք եղել։

Ինչպիսի՞ն է եղել քո մուտքը մեծ սպորտ: Ինչո՞ւ հենց մարմնամարզություն։

Մարմնամարզություն ծնողներս են ընտրել, թե ինչու հենց այս մարզաձեւը չգիտեմ։ Բայց կարծում եմ՝ լավ են արել, որ հենց այս մարզաձեւին են ինձ տվել։ 5 տարեկանից հայրս բերեց Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց, մարզիչս առաջին օրվանից եղել է Հակոբ Սերոբյանը։ Սկզբից չէի ուզում մարզվել, նույնիսկ հիշում եմ, որ լացելով էի գալիս պարապմունքներին։ Այդպես մինչեւ 7 տարեկանը մարզվեցի, ու ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան՝ Ռոստով քաղաք։ Այդ ընթացքում արդեն հասցրել էի սիրել այս մարզաձեւը ու այնտեղ էլ շարունակեցի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում մարզվել։ 16 տարեկանում վերադարձանք Հայաստան ու արդեն գիտակցելով ու հասկանալով եկա ու շարունակեցի մարզումներս ընկեր Հակոբի մոտ։ Այդ ժամանակից էլ սկսվեց իմ մարզական կարիերան։

Արդեն 18 տարի մարզվում եմ, այս մարզաձեւը դարձել է իմ կյանքը, երբ երկար տարիներ նվիրվում ես սպորտին, թմրանյութի պես պահանջ ես զգում ամեն օր մարզվելու։ Մի կիրակի, որ չես մարզվում, ամբողջ օրը ինչ-որ մի բանի պակաս ես զգում, ուզում ես գալ մարզադահլիճ։

Ի՞նչ դժվարություններ ու հիասթափություններ ես ունեցել մարզական կարիերայում եւ ի՞նչպես ես հաղթահարել դրանք:

Հիասթափություններ անհնար է չլինեն։ Ես հիշում եմ իմ առաջին հիասթափությունը Ռոստովում մարզվելուս տարիներին էր, այդ ժամանակ որոշել էի, որ այլեւս չեմ մարզվելու։ Ճիշտ է, դեռ պատանի էի, բայց հիասթափվել էի։ Մեծ սպորտն առանց դժվարությունների ու հիասթափությունների չի լինում, բայց իր գործին նվիրյալ յուրաքանչյուր մարզիկ դրանք պետք է ընդունի որպես նոր ուժ հավաքելու ազդակներ։ Ես, օրինակ, հիասթափությունից հետո մի պահ դադար եմ վերցնում, բայց դա երկար չի տեւում, մի քանի օր․ ու նոր ուժով, նոր ոգեւորությամբ վերադառնում եմ մարզադահլիճ։ Շատ է եղել, որ մեկնել եմ մրցման, լիարժեք պատրաստ եմ եղել հաղթելու, լավ հանդես գալու, ու հանկարծ այն չի եղել, ես իմ անփութության պատճառով սխալվել եմ․ երբեմն կոտրվում եմ, բայց շուտ անցնում է։ Բայց այդ բարդությունները երբեք չեն հասնում այն մակարդակի, որ ինձ հաղթեն ու ես մտածեմ կարիերաս ավարտելու մասին։

Մի քանի բառով ինչպե՞ս կնկարագրես ինքդ քեզ։

Չէի ուզի ինքս ինձ բնութագրել․ այդ մասին թող ընկերներս ասեն (ծիծաղում է)։ Երեւի՝ բարի, անկեղծ մարդ եմ,սովորական մարդ եմ։ Բայց կուզեի, որ այդ իմ բարությունը մի քիչ սահմաններ ունենար։

Ի՞նչն  ես գնահատում մարդկանց մեջ։ Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա քո ընկերը:

Մարդկանց մեջ սիրում եմ համեստությունը, նվիրվածությունը, ընկերասիրությունը։ Չեմ սիրում մարդկանց մեջ չարդարացված ինքնահավանությունը։ Ես ընկերասեր մարդ եմ։ Ինչպես ծնողը,  քույր-եղբայրը, այնպես էլ ընկերը սուրբ մարդ է։ Ինձ համար առանց ընկեր կյանքը հետաքրքիր չի կարող լինել։ Ես ու ընկերներս նման ենք իրար, ինչպիսին ես եմ, այդպիսին էլ նրանք են․ սովորական ու համեստ մարդիկ։

Արթուր, քո սիրտն արդեն զբաղված է, դու նույնիսկ հասցրել ես նշանադրվել։ Ինչպե՞ս ես համատեղում անձնական կյանքն ու սպորտը։

Սերն ու սպորտն այդքան էլ անհամատեղելի չեն, ինչպես շատերին է թվում։ Սերը քո ապագան է, ապագա ընտանիքդ, իսկ սպորտը քո կարիերան է, որը հետագայում քեզ պետք է օգնի՝ պահես ընտանիքդ։ Գիտակցում ենք երկուսս էլ, որ այս ամենը մեր ապագա ընտանիքի բարեկեցության համար է։ Միշտ ասում է՝ լավ բան ես անում․երկիր ես ներկայացնում, մեր երկիրն ես ներկայացնում, ուրախացնում ես մեր ազգին։

Իսկ ե՞րբ է սպասվում ամուսնությունը եւ արդեն որոշել ես, թե ինչպե՞ս ես ամուսնության առաջարկ անելու։

Դա շատ լուրջ գաղնտիք է, որ ասեմ, արդեն գաղտնիք չի մնա։ Հաստատ մի ռոմանտիկ արարքով կանեմ առաջարկությունս։

(Զրույցին միանում է նաեւ Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը):

«Արթուրն իսկապես շատ ռոմանտիկ է․սիրում է անանկնալներ մատուցել ընկերուհուն։ Մի անգամ բանակից մի քանի օրով թույլ էին տվել գալ տուն, ընկերուհուն ասել էր հաջորդ օրն է գալու։ Գնացինք միասին մեծ ծաղկեփունջ գնեցինք ու այդ օրը գնաց անակնկալ արեց»,- պատմում է Հարություն Մերդինյանը։

Եթե նորից սկսեիր, ի՞նչ կփոխեիր կյանքումդ։

Կարծում եմ, նորից մարմնամարզությունում կլինեի։ Իսկ եթե մարմնամարզությունը չընտրեի, հաստատ սպորտում նորից կլինեի։ Ես սպորտ սիրում եմ, գուցե ֆուտբոլիստ լինեի։ Սիրում եմ ֆուտբոլ խաղալ, բայց երկրպագել չեմ սիրում ֆուտբոլը։ Նույնիսկ մտածել եմ՝ որ դիրքում կխաղայի՝ հարձակվող կլինեի, գոլ խփող։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով