10:48  ,  26 հուլիսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականների երկրորդ խումբը մեկնեց Բրազիլիա

Ռիոյում օգոստոսի 5-ին մեկնարկելիք 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի Հայաստանի պատվիրակության երկրորդ խումբն այս գիշեր մեկնեց Բրազիլիա:

Երեւան - Դոհա - Ռիո դե Ժանեյրո չվերթով մեկնեցին Հայաստանի օլիմպիական հավաքականի բռնցքամարտի թիմը, հրաձգության Հայաստանի միակ ներկայացուցիչ  Հրաչ Բաբայանը եւ ծանրամարտի տղամարդկանց հավաքականի 85 կգ քաշային Առաքել Միրզոյանը, ով թիմի հետ չէր նախօրեին:

Կարեն Աղամալյանի գլխավորած բռնցքամարտի թիմի կազմում օլիմպիական մայրաքաղաք մեկնեցին Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանը, Արթուր Հովհաննիսյանը, Վլադ Մարգարյանը եւ Հովհաննես Բաչկովը:

«Հավատով մեկնում ենք, ուժեղ կազմով ենք հանդես գալիս: Հայկական սպորտի պատմության մեջ աննախադեպ քանակով մասնակիցներով ենք դուրս գալու օլիմպիական ռինգ: Հավատում եմ, որ հաջողությունը մեր տղաների հետ կլինի: Այժմ կմեկնենք, հասնելուն պես տղաները կհանգստանան եւ կսկսենք մարզումները: Նրանք պետք է հարմարվեն կլիմայական պայմաններին: Դա շատ անհրաժեշտ է մարզիկներին քաշ գցելու համար»,-NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնելուց առաջ ասաց Կարեն Աղամալյանը:

Հրաձիգ Հրաչ Բաբայանին Ռիո ուղեկցեց հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

«Այս պահին որեւէ անհանգստություն եւ լարվածություն չկա, հաճելի պահ է: Իսկապես մեզ բոլորը ճանապարհում են սպասում լի աչքերով: Դա ոգեւորում է մարզիկներին: Բոլոր խնդիրները կարգավորված են: Քանի որ Օլիմպիական խաղեր են, մեզ հետ տանում ենք նաեւ Հրաչի զենքը: Իսկ նախկինում զենքը նախ մաքսատանն էինք թողնում, եւ այն սովորաբար մեզանից ուշ էր հասնում մրցավայր: Այս Խաղերում Հրաչի զենքը մեզ հետ կհասնի օլիմպիական քաղաք եւ ինչպես հարկն է կշարունակենք մարզումները»,-նշեց Սեյրան Նիկողոսյանը:

Օլիմպիական հավաքականի առաջին խմբի՝ ծանրորների հետ Ռիո չէր մեկնել ծանրամարտի 85 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը: Ծանրորդը Ռիո մեկնեց Օլիմպիական թիմի երկրորդ խմբի հետ:

Ռիո մեկնած Հայաստանի օլիմպիական թիմի առաջին խումբն արդեն հասել է Բրազիլիա: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սան Պաուլոյից հայտնել է աթլետ Դիանա Խուբեսերյանը: Բրազիլիայում են գտնվում նաեւ հայ մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Մարմնամարզիկներն այս օրերին ուսումնամարզական վերջին հավաքն են անցկացնում Բրազիլիայի Բլումանեու քաղաքում եւ Հայաստանի օլիմպիական հավաքականին կմիանան օգոստոսի 3-ին:

Խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին. բացման արարողությանը Հայաստանի պատվիրակությունը շքերթի դուրս կգա 35 ներկայացուցիչներով, որոնց մեջ կլինեն ծանրորդները, բռնցքամարտիկները, աթլետները, լողորդները, հրաձիգ Հրաչ Բաբայանը եւ Հայաստանի միակ ձյուդոիստ օլիմպիական Հովհաննես Դավթյանը, ով մրցավայր կմեկնի օգոստոսի 2-ին: Հայաստանի օլիմպիական թիմին ավելի ուշ կմիանան ըմբիշները:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով