09:21  ,  26 հուլիսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Հովհաննես Դավթյան (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել  31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք ձեռք բերած Հայաստանի օլիմպիականներին: Խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին Ռիո դե Ժանեյրոյում:

Հովհաննես Դավթյան, ձյուդո, 60 կգ քաշային կարգ։

Ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 25-ին, Գյումրիում։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն է (2007, 2012), աշխարհի սուպերգավաթակիր, աշխարհի գավաթակիր, «Մեծ սաղավարտի» մրցումների հաղթող եւ մրցանակակիր, Գրան Պրի մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2009), Լոնդոնի Օլիմպիական խաղերի 7-րդ տեղ:

Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել է նախորդ երկու տարիներին վաստակած համապատասխան վարկանիշային միավորների շնորհիվ: Հովհաննես Դավթյանը ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ օլիմպիական ուղեգիր բաժին է հասնում աղյուսակի լավագույն 22 ձյուդոիստներին։

Անձնական մարզիչն է Կարեն Սիմոնյանը։

31-րդ ամառային Օլիմպիական խաղերը Հովհաննես Դավթյանի երրորդ Խաղերն են։

Ամեն ինչ սկսվեց...

Ձյուդո մարզաձեւը պատահական եմ ընտրել։ Ինչպես բոլոր ընտանիքներում, մեր ընտանիքում էլ որոշվեց,  որ ես պետք է սպորտով զբաղվեմ։ Պատահական ընտրվեց ձյուդոն, եկա ձյուդոյի մարզադահլիճ, սկսեցի մարզվել, սիրեցի ու շարունակեցի զբաղվել։ Այդ ժամանակ դեռ 11 տարեկան էի։ Արդեն 20 տարի է նվիրվել եմ այս մարզաձեւին։

Ժամանակի ընթացքում հաջողություններ սկսեցի գրանցել այս մարզաձեւում, մեդալներ միջազգային մրցաշարերից, ապա Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալներ։ Հաջողությունն ինձ չի ժպտացել միայն Օլիմպիական խաղերում։

Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճեցի...

Մեր մարզաձեւում օլիմպիական ուղեգիր նվաճելն այդքան էլ հեշտ չէ, ինչպես մյուս մարզաձեւերում՝ մեկ վարկանիշային մրցաշարում։ Շուրջ մեկ տարի մենք մանսակցում ենք ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակի մրցաշարերին, հավաքում համապատասխան միավորներ եւ միայն լավագույն 22 ձյուդոիստների մեջ հայտնվելուց հետո միայն կարող ենք վստահ լինել, որ օլիմպիական ուղեգիրը մերն է։  Այս տարվա վարկանիշային աղյուսակում ես զբաղեցնում եմ 10-րդ տեղը եւ դեռ ամիսներ առաջ արդեն գիտեի, որ օլիմպիական ուղեգիրն ունեմ։

Ես գնում եմ Ռիո...

Ռիոյի Օլիմպիական խաղերն իմ կյանքի երրորդ Խաղերն են․ ես մասնակցել եմ Պեկին-2008-ին եւ Լոնդոն-2012-ին։ Երկու Օլիմպիական խաղերում էլ ձախողել եմ, լավագույն արդյունքս եղել է Լոնդոնում՝ 7-րդ տեղ։ Թե փորձի պակասն է եղել, թե մրցավարական միջամտությունը, չեմ կարող ասել, բայց լավ հանդես չեմ եկել երկու Խաղերում էլ։ Այս Օլիմպիական խաղերում ուզում եմ, որ ամեն ինչ այլ լինի։

Երրորդ օլիմպիական փորձս է, այսքան տարի նվիրվել եմ այս մարզաձեւին օլիմպիական մեդալի համար եւ գնում եմ Ռիո մեդալի հետեւից։

Հույսեր, սպասելիքներ...

Հույսերս մեծ են, մարզիչս էլ, ես էլ հավատում ենք, որ լավ է լինելու, որ բաղձալի օլիմպիական մեդալով եմ վերադառնալու։ Այս անգամ այլեւս ոչինչ չի կարող ինձ խանգարել։  Օլիմպիական խաղերի առումով անփորձ չեմ, մարզավիճակս էլ լավ է։ Հուսամ ՝ հաջողությունը կժպտա ինձ։

Կարեն Սիմոնյան (անձնական մարզիչ)

Հովհաննեսին ճանաչում եմ 11 տարեկանից։ Առաջին անգամ երբ եկավ մարզադահլիճ, այդ օրվանից միասին սկսեցինք աշխատել։ Արդեն շուրջ 20 տարի հաղթանակներ, պարտություններ, ամեն ինչ միասին ենք ապրել։ Երբ փոքրիկ Հովհաննեսին տեսա, նրա մեջ նկատեցի արագաշարժություն, աշխատասիրություն, առաջ գնալու ձգտում. այս հատկանիշներով նա ինձ գրավեց, եւ ես նրա մեջ տեսա ուժեղ ձյուդոիստ դառնալու հեռանկար։ Այսօր նա իսկապես ուժեղագույներից է, միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակի մեջ է։

Հովհաննեսը մասնակցում է իր մարզական կարիերայի երրորդ Օլիմպիական խաղերին։ Այս Խաղերում մեդալի մեծ հույս ունենք։ Գնում ենք մեդալ նվաճելու, այսքան տարիների աշխատանքն ու չարչարանքը օլիմպիական մեդալի համար է։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով