16:15  ,  25 հուլիսի, 2016

Ռոբերտ Էմմիյան. Աթլետները պատրաստ են օլիմպիական մեկնարկներին

Համոզված եմ, որ այս Օլիմպիական խաղերում հայ մարզիկները լավ են հանդես գալու եւ հաղթանակներով են վերադառնալու։ Մեր ժողովուրդը սիրում է սպորտ եւ սպասում է այդ հաղթանակներին։ Լավագույն մասնակցությունն եմ ակնկալում նաեւ աթլետներից։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեռացատկի Եվրոպայի, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, ով այս գիշեր հայ օլիմպիականների եւ Ռիո-2016-ում Հայաստանը ներկայացնող վեց աթլետների հետ մեկնեց Ռիո։

«Այս Օլիմպիական խաղերին մենք ռեկորդային թվով ենք մասնակցում՝ վեց աթլետներով։ Նախկինում ամենաշատը չորս աթլետներով ենք մասնակցել։ Ինձ ուրախացնում է, որ մեր մասնակիցների քանակն ավելանում է։ Դա խոսում է Հայաստանում աթլետիկա մարզաձեւի զարգացման մասին։

Սպասելիքներով ենք մեկնում, մեր մարզիկներն ու մարզուհիները երիտասարդներ են, սա նրանց համար լավագույն հնարավորությունն է։ Հույս ունեմ, որ բարձր արդյունքներ կցուցաբերեն մեր աթլետները։ Մեր թիմն անցել է մի քանի փուլից բաղկացած ուսումնամարզական հավաք Հայաստանում եւ դրսում, մարզումները կշարունակեն նաեւ Ռիոյում։ Ես նույնպես մեկնում եմ Ռիո, որպեսզի հետեւեմ նրանց մարզումներին եւ օլիմպիական մրցելույթներին։ Աթլետները պատրաստ են օլիմպիական մեկնարկներին։ Ամեն ինչ կազմակերպված է հրաշալի։ Սպասենք Խաղերի մեկնարկին»,- ասաց Ռոբերտ Էմմիյանը։

Այս գիշեր Երեւան - Մոսկվա -  Դոհա - Ռիո դե Ժանեյրո չվերթով Ռիո մեկնեցին Հայաստանի օլիմպիական ծանրորդները, աթլետներն ու լողորդները:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով