14:12  ,  25 հուլիսի, 2016

Արտաշես Ներսիսյան. Հռիփսիմե Խուրշուդյանն այն մարզուհին չէ, որ այսպես թողնի սպորտը

Հռիփսիմե Խուրշուդյանն այն մարզուհին չէ, որ այսպես թողնի սպորտը։ Ես համոզված եմ՝ նա պետք է շարունակի եւ իր խոսքն ասի Տոկիո-2020-ում։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, ով այս գիշեր հայ օլիմպիականների եւ Ռիո-2016-ում ծանրամարտի կանանց մրցապայքարում Հայաստանի ներկայացուցիչներ Նազիկ Ավդալյանի եւ Սոնա Պողոսյանի հետ մեկնեց Ռիո։

Այս գիշեր Երեւան - Մոսկվա -  Դոհա - Ռիո դե Ժանեյրո չվերթով Հայաստանի օլիմպիական հավաքականի ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց թիմերը, աթլետներն ու լողորդները մեկնեցին Ռիո:

«Բարձր տրամադրությամբ եւ դրական էմոցիաներով մեկնում ենք Ռիո։ Այս պահին մեր ծանրորդուհիները լավ մարզավիճակում են։ Նազիկ Ավդալյանը մի քիչ ցավեր ունի մեջքի հատվածում, ամեն ինչ կանենք, որ շուտ անցնի այդ ցավերը, նրա մրցելույթին չխանգարի, նա էլ մրցելույթի ժամանակ մոռանա այդ ցավերի մասին, անի այն, ինչ կարողանում է բոլորից լավ, ուրախացնի ինքն իրեն ու մեզ բոլորիս։ Իսկ Սոնա Պողոսյանից ակնկալում եմ լավագույն մասնակցությունը․ էական չէ՝ ինչ արդյունք ցույց կտա, բոլոր մոտեցումներն իրականցնի եւ իրեն դրսեւորի որպես լավ ծանրորդուհի հետագա իր մարզական կարիերայի համար»,- ասաց Արտաշես Ներսիսյանը։

Մեկնաբանելով Հռիփսիմե Խուրշուդյանի բացակայությունն ու ժամանակավոր որակազրկումը, հավաքականի գլխավոր մարզիչը նշեց․

«Ես մինչ օրս չեմ հանգստանում այդ մտքից, որ Հռիփսիմեն բաց է թողնում Ռիոյի Օլիմպիական խաղերը։ Ինձ համար աբսուրդ է, որ 8 տարի անց մեզ հայտնում են, թե լավ չեն հետազոտել դոպինգ թեստերը։ Հռիփսիմեի մոտ միշտ եղել է ամեն ինչ նորմալ, ինչպես հարկն է՝ ստուգվել է 4 անգամ։ Հետո հանկարծ, 8 տարի անց, որոշում են, որ արդյունքները ճիշտ չեն։ Ինձ համար շատ դժվար է համակերպվելը, որովհետեւ Հռիփսիմե Խուրշուդյանն այն մարզուհին չէ, որ այսպես թողնի սպորտը։ Ես համոզված եմ՝ նա պետք է շարունակի եւ իր խոսքն ասի հաջորդ Օլիմպիական խաղերում, նա սպորտը պետք է թողնի փառքով»։

Հիշեցնենք, որ Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է մրցումների մասնակցելու իրավունքից 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում հանձնած դոպինգ թեստի երկրորդ նմուշի կրկնակի հետազոտումից հետո արգելված դեղամիջոցի հայտնաբերման հետեւանքով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով