10:24  ,  25 հուլիսի, 2016

Ռիո-2016. Հայ օլիմպիական ծանրորդները, աթլետներն ու լողորդները մեկնեցին Բրազիլիա

Ռիոյում օգոստոսի 5-ին մեկնարկելիք 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության մի մասն այս գիշեր մեկնեց մրցավայր: Երեւան - Մոսկվա -  Դոհա - Ռիո դե Ժանեյրո թռիչքով մեկնեցին Հայաստանի օլիմպիական հավաքականի ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց թիմերը, աթլետներն ու լողորդները: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմի կազմում օլիմպիական մայրաքաղաք մեկնեցին ծանրորդներ Ռուբեն Ալեքսանյանը, Գոռ Մինասյանը, Անդրանիկ Կարապետյանը, Սիմոն Մարտիրոսյանը եւ պահեստային Վանիկ Ավետիսյանը: Մեկնողների հետ չէր 85 կգ քաշային Առաքել Միրզոյանը, ով ավելի ուշ է մեկնելու Ռիո::

Կանանց թիմի կազմում Ռիո մեկնեցին Նազիկ Ավդալյանն ու Սոնա Պողոսյանը՝ կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ:

Ռիո-2016-ում հայ աթլետները հանդես կգան 6 օլիմպիականներով: Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ Ռիո ժամանեցին Ամալյա Շառոյանը, Դիանա Խուբեսերյանը, Լիլիթ Հարությունյանը, Գայանե Չիլոյանը, Գոռ Ներկարանյանը եւ Լեւոն Աղասյանը: Հայաստանի պատվիրակության առաջին թիմի հետ օլիմպիական քաղաք մեկնեցին նաեւ լողորդներ Վահան Մխիթարյանն ու Մոնիկա Վասիլյանը:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի բացման շքերթում Հայաստանի դրոշակակիրն է լինելու Վահան Մխիթարյանը: Լողորդները Օլիմպիական քաղաք մեկնեցին առանց մարզիչի:

«Բարձր տրամարդությամբ ենք մեկնում: Մինչ մրցելույթների մեկնարկը կունենք 10-ն օրյա հավաք: Սպասելիքներով մեկնում ենք, թե ինչ արդյունքներ կունենանք, ցույց կտա օլիմպիական մրցահարթակը»,- NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն էլ հույս հայտնեց, որ Ռիո են մեկնում մեդալի հույսով:

«Հույս ունեմ, որ Նազիկ Ավդալյանը կուրախացնի բոլորիս, ինչպես նաեւ ինքն իրեն եւ իր առաջին Օլիմպիական խաղերում մեդալ կնվաճի: Սոնա Պողոսյանի համար այս Օլիմպիական խաղերը մեծ փորձ են՝ ինքնադրսեւորվելու եւ փորձ ձեռք բերելու համար: Շատ ցավում եմ, որ մեր առաջատար ծանրորդ, Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը բաց է թողնում այս Խաղերը: Բայց հույս չեմ կտրում, որ Տոկիո-2020-ին Հռիփսիմեն կմասնակցի եւ հաղթանակով ու պատվով այդ Խաղերից հետո նոր կավարտի իր մարզական կարիերան»,- ասաց Արտաշես Ներսիսյանը:

Հայաստանի օլիմպիական թիմի երկրորդ կազմը՝ բռնքամարտիկներն ու հրաձիգ Հրաչ Բաբայանը, Ռիո կմեկնեն հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը: Արդեն Բրազիլիայում են գտնվում հայ մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Մարմնամարզիկներն այս օրերին ուսումնամարզական վերջին հավաքն են անցկացնում Բրազիլիայի Բլումանեու քաղաքում եւ Հայաստանի օլիմպիական հավաքականին կմիանան օգոստոսի 3-ին: Նշենք, որ արդեն Օլիմպիական քաղաք է մեկնել Հայաստանի պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը՝ նախքան Հայաստանի թիմերի ժամանումը կազակերպչական վերջին աշխատանքները կարգավորելու նպատակով:

Խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին. բացման արարողությանը Հայաստանի պատվիրակությունը շքերթի դուրս կգա 35 ներկայացուցիչներով։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով