16:37  ,  23 հուլիսի, 2016

«Լավագույն մարզական ընտանիք-2016» մրցույթի հաղթողներն ու մրցանակակիրները

Հայտնի են ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2016» մրցույթի հաղթողներն ու մրցանակակիրները: 

Միջոցառման փակման հանդիսավոր արարողությանը եւ մրցանակակիրների պարգեւատրմանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մարզպետները, հաղորդում է msy-ը: 

Հաղթողներին եւ մրցանակակիրներին ՀՀ նախագահի վկայագրերը, դրամական պարգեւները եւ հուշանվերները հանձնել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Ավանդույթի համաձայն դրամական պարգեւներ էին սահմանված ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից՝ տարիքային չորս խմբերի եւ հաշմանդամություն (մայր կամ հայր) ունեցող ընտանիքների ամենակրտսեր մասնակիցների համար, որը նրանց է հանձնել ՀԱՕԿ նախագահի գլխավոր խորհրդական Ռուբեն Հակոբյանը: 

Մրցույթում չորս տարիքային խմբերի ընդհանուր միավորների հաշվարկով 1-ից 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երեւանի, Կոտայքի եւ Շիրակի թիմերը, որոնք արժանացել են ՀՀ Նախագահի կողմից սահմանված գավաթներին: 

Բացի մրցանակակիր թիմերից՝ պարգեւներ են ստացել նաեւ 4 տարիքային խմբերում լավագույնը ճանաչված ընտանիքները: Առաջին տեղը զբաղեցրած ընտանիքները պարգեւատրվել են 500-հազարական դրամով, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ 400-հազարական դրամով, իսկ 3-րդ տեղը զբաղեցրածները՝ 300-հազարական դրամով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում