22:48  ,  22 հուլիսի, 2016

Մոուրինյոն՝ «Բորուսիայից» կրած խոշոր հաշվով պարտության պատճառների մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է International Champions Cup ընկերական մրցաշարի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիայից» 1:4 հաշվով կրած պարտությունը: Շանհայում կայացած խաղում անգլիական թիմի միակ գնդակը նախկին ակումբի դարպասը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Այս փուլում հաղթում է այն թիմը, որն ավելի առաջ է նախապատրաստության փուլերի մեջ: Հաղթում է այն թիմը, որը ֆիզիկապես ավելի լավ է պատրաստված: Դա չափազանց ակնհայտ  էր խաղադաշտում: Արդեն չորս հանդիպում անցկացրած թիմը հաղթեց նախքան այս ընդամենը մեկ խաղ անցկացրած թիմին: «Բորուսիան» արդեն պատրաստվում է մի քանի ամիս, մենք՝ 15 օր: Որոշ խաղացողներ մեր թիմին միացել են 3-4 օր առաջ: Թիմերի պատրաստության տարբերությունը շատ մեծ էր: Այս փուլում մենք Ֆորմուլա-3 ենք, «Բորուսիան»՝ Ֆորմուլա-1:

Ոչ ոք չի սիրում պարտվել: Մենք գոհ չենք հաշվից, բայց գոհ ենք, որ խաղացինք 90 րոպե: Շատ կարեւոր էր բարդ եղանակային պայմաններում պայքարել այսպիսի մրցակցի հետ: Որոշ թիմեր սիրում են խաղալ թույլերի հետ, միայն հաղթել այս փուլում եւ վստահություն ձեռք բերել: Բացահայտ է, որ ավելի բարդ է խաղալ «Բորուսիայի» հետ, որը եվրոպական լավ թիմերից մեկն է եւ մեզնից շուտ է սկսել պատրաստվել: Խաղացողներս տխրել են, քանի որ ոչ ոք չի սիրում պարտվել: Բայց ես սպասում էի այսպիսի պայքար:

Ես դեռ նույնիսկ թիմ չեմ ստեղծում, քանի որ շատ խաղացողներ դեռ մեզ հետ չեն: Մենք ընդամենը բարելավում ենք խաղացողների մարզավիճակը:

Նորեկները ստացան 45, 70, 90 րոպե խաղաժամանակ: Դա շատ կարեւոր է: Շատ ժամանակ կանցնի մինչեւ կվերականգնվենք այսօրվա ջանքերից հետո, այսպիսի շոգին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Հուլիսի 25-ին Պեկինում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում