20:33  ,  16 հուլիսի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Oրեցօր ավելի վստահ կզգամ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով (ֆոտոշարք)

Կարեւոր չէ, թե որ դիրքում կխաղամ: Գլխավորը թիմին օգտակար լինելն է: Այս մասին հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը, որն ընկերական խաղում անգլիական «Ուիգանի» նկատմամբ 2:0 հաշվով արտագնա հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:

«Ստացվեց լավ հանդիպում: Առաջին խաղակեսում մեզ չհաջողվեց գոլ խփել, սակայն մենք լավ տեսք ունեինք: Շնորհակալություն իմ ակումբակիցներին, որոնք կարողացան հաղթանակ բերել մեր թիմին: Կարծում եմ՝ օրեցօր ավելի վստահ կզգամ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով: Փորձում եմ հնարավորինս շուտ հարմարվել թիմին ու ծանոթանալ ակումբակիցներիս հետ:

Կարեւոր չէ, թե որ դիրքում կխաղամ: Գլխավորը թիմին օգտակար լինելն է: Շատ հաճելի է, որ մեզ աջակցում էին «Մանչեսթեր Յունայթեդի» հազարավոր երկրպագուներ: Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն ասել նրանց»,- հանդիպումից հետո ակումբի ալիքի հետ զրույցում ասել է Մխիթարյանը, որն այդ խաղում Ժոզե Մոուրինյոյի պես նորամուտը նշեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մասնակցեց «Ուիգանի» դեմ խաղի առաջին խաղակեսին, իսկ Անգլիայի 20-ակի չեմպիոնը 2 գոլերն էլ խփեց ընդմիջումից հետո: Հանդիպումից հետո Հենրիխ Մխիթարյանի հասցեին գովեստի խոսքեր էր ասել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով