18:25  ,  16 հուլիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց Հենրիխ Մխիթարյանի ու Ժոզե Մոուրինյոյի նորամուտի խաղում (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 16-ին առաջին հանդիպումն անցկացրեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի նորամուտի խաղում Անգլիայի 20-ակի չեմպիոնն արտագնա ընկերական հանդիպում անցկացրեց անգլիական «Ուիգանի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով: 

Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում, բայց հանդես էր գալիս ոչ թե աջ կիսապաշտպանի, այլ ենթահարձակվողի դիրքում եւ բավական ակտիվ էր առաջին խաղակեսում:

Սկզբնամասում մանչեսթերցիներն ունեին հսկայական տարածքային առավելություն եւ գրեթե գնդակը չէին տալիս մրցակցին, սակայն գոլային պահեր ստեղծել չէր հաջողվում: Հենրիխ Մխիթարյանը ակտիվ էր եւ մի քանի անգամ փորձեց սրություն հաղորդել գրոհներին: Մրցակցի տուգանայինում նա կատարեց մի քանի վտանգավոր փոխանցումներ, բայց թիմակիցները չկարողացան արդյունավետ եզրափակել դրանք: 25-րդ րոպեին Մխիթարյանը հիանալի փոխանցում կատարեց հոլանդացի կիսապաշտպան Մեմֆիս Դեպային, որը եւս չգրավեց դարպասը: 37-րդ րոպեին եզրից եկած գրոհը պետք է եզրափակեր արդեն Հենրիխը, սակայն հայ կիսապաշտպանի հարվածը բարձր չստացվեց:

Առաջին խաղակեսում «Ուիգանին» գրեթե չէր հաջողվում մոտենալ մրցակցի դարպասին, իսկ գնդակի պարզունակ վերահսկումը ոչինչ չէր տալիս մանչեսթերցիներին, եւ թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Ընդմիջմանը Ժոզե Մոուրինյոն կատարեց 7 փոփոխություն՝ փոխարինելով նաեւ Մխիթարյանին:

Երկրորդ խաղակեսում հյուրերը խաղային առավելությունը վերածեցին գոլերի: 49-րդ րոպեին հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Ուիլ Քեյնը, որն աչքի ընկավ դաշտի տերերի դարպասապահի կոպիտ սխալից հետո: 9 րոպե անց ուրուգվայցի հարձակվող Անդրեաս Պերեյրան խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին:

Հենրիխ Մխիթարյանը խաղաց 10 համարի մարզաշապիկով, որը պատկանում է Անգլիայի հավաքականի ավագ Ուեյն Ռունիին: Անգլիացի հարձակվողը չէր հայտավորվել հանդիպմանը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ուիգանն» առաջին տեղն էր գրավել Անգլիայի առաջին լիգայում (երկրորդ դիվիզիոն) եւ նվաճել Չեմպիոնշիփի ուղեգիր:

Ընկերական խաղ, DW Stadium

«Ուիգան» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2

Ուիլ Քեյն, 49, Անդրեաս Պերեյրա, 58

«Մանչեսթեր Յունայթեդ». Սեմ Ջոնսոն (Ջոել Պերեյրա, 82), Ֆսու-Մենսա (Անտոնիո Վալենսիա, 46), Էրիկ Բայի (Աքսել Տուանզեբե, 82), Դեյլի Բլինդ (Գիլերմո Վարելա, 74), Լյուկ Շոու (Ֆիլ Ջոնս, 46), Մայքլ Կարիկ (Էշլի Յանգ, 46), Անդեր Հերերա (Թայլեր Բլեքետ, 80), Հենրիխ Մխիթարյան (Անդրեաս Պերեյրա, 46), Ջեյսի Լինգարդ (Խուան Մատա, 46), Մեմֆիս Դեպայ (Ադնան Յանուզայ, 46), Ջեյմս Ուիլսոն (Ուիլ Քեյն, 46):



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում