00:49  ,  2 հուլիսի, 2016

Եվրո-2016. Ուելսը դուրս թողեց բելգիացիներին (ֆոտոշարք)

Ուելսի հավաքականը դուրս եկավ Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Պորտուգալիային: Քառորդ եզրափակիչում ուելսցիները 3:1 հաշվով կամային հաղթանակ տարան Բելգիայի հավաքականի նկատմամբ:

Լիլում կայացած խաղի հենց մեկնարկից բելգիացիները վերցրին գնդակը եւ արդեն 5-րդ րոպեին ունեցան իրական գոլային պահ, սակայն մեկ գրոհի ժամանակ 3 փորձից չկարողացան գրավել դարպասը: Սկզբնամասում Բելգիան ավելի լավ տեսք ուներ եւ 13-րդ րոպեին բացեց հաշիվը: Հեռվից կատարած հարվածով արտակարգ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը: Ուելսցիներն աստիճանաբար հավասարեցրին խաղը, իսկ 31-րդ րոպեին խփեցին պատասխան գոլը: Անկյունային հարվածի խաղարկման ժամանակ Ուելսի հավաքականի ավագ Էշլի Ուիլյամսն առանց հսկողության էր մնացել մրցակցի տուգանայինում եւ, առանց դժվարության գրավելով դարպասը, հաշիվը դարձրեց 1:1: Խաղակեսի վերջնամասում արդեն բրիտանացիներն ունեին տարածքային առավելություն եւ մի քանի անգամ անհանգստացրին բելգիացիների դարպասապահ Տիբո Կուրտուային, բայց թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին բելգիացիները, սակայն 55-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցավ Ուելսը: Առանց առանցքային պաշտպաններ Թոմաս Վերմալենի ու Յան Վերտոնգենի խաղացող Բելգիայի հավաքականի պաշտպանությունը սայթաքեց, իսկ անգլիական «Ռեդինգի» հարձակվող Ռոբսոն Կանուն, աչքի ընկնելով անհատական բարձր վարպետությամբ, խփեց ուելսցիների երկրորդ գնդակը:

Բաց թողած գոլից հետո բելգիացիների մոտ ոչինչ չէր ստացվում առջեւի գծում: Նրանք ունեին տարածքային մեծ առավելություն, ինչը չէին կարողանում վերածել գոլային պահերը: Ուելսը խաղում էր երկրորդ համարով եւ աչքի ընկնում գրագետ պաշտպանությամբ: Խաղի վերջնամասն անցավ Ուելսի հավաքականի կիսադաշտում՝ բելգիացիների գրոհների ներքը: Ունենալով մի քանի գոլային պահեր, Մարկ Վիլմոտսի թիմին չհաջողվեց փրկել խաղը, իսկ ահա բրիտանացիները վերջնամասում խփեցին նաեւ երրորդ գոլը: Հակագրոհի արդյունքում 86-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Սեմ Վուկսը, որը վերջակետ դրեց խաղին:

Ուելսի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր:

Հիշեցնենք, որ առաջին քառորդ եզրափակիչում պորտուգալացիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էին Լեհաստանի հավաքականին: Քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Գերմանիա - Իտալիա (հուլիսի 3, Բորդո), Ֆրանսիա - Իսլանդիա (հուլիսի 4, Փարիզ):

Եվրո-2016, 1/4 եզրափակիչ

Ուելս - Բելգիա՝ 3:1

Էշլի Ուիլյամս, 31, Ռոբսոն Կանու, 55, Սեմ Վուկս, 86 – Ռաջա Նայնգոլան, 13

Ուելս. Ուեյն Հենեսի, Նիլ Թեյլոր, Բեն Դեւիս, Էշլի Ուիլյամս, Ջեյմս Չեստեր, Կրիստոֆեր Գանտեր, Ջոյ Լեդլի (Էնդի Քինգ, 78), Ջո Ալեն, Աարոն Ռեմզի (Ջեյմս Քոլինս, 90), Ռոբսոն Կանու (Սեմ Վուկս, 80), Գարեթ Բեյլ:

Բելգիա. Տիբո Կուրտուա, Տոմաս Մենյե, Տոբի Ալդերվեյրելդ, Ջեյսոն Դենայեր, Ջորդան Լուկակու (Դրիս Մերտենս, 75), Ակսել Վիտսել, Ռաջա Նայնգոլան, Կեւին Դե Բրույնե, Յաննիկ Կարասկո (Մարուան Ֆելաինի, 46), Էդեն Ազար, Ռոմելու Լուկակու (Միչու Բատշուայի, 83, 75):

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս