01:45  ,  1 հուլիսի, 2016

Եվրո-2016. Պորտուգալիան հետխաղյա 11 մետրանոցներով դուրս թողեց լեհերին (ֆոտո)

Պորտուգալիայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարի արդյունքում առավելության հասավ Լեհաստանի թիմի նկատմամբ եւ դուրս եկավ Եվրո-2016-ի կիսաեզրափակիչ:

Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում կայացած խաղում առաջինը հասան հաջողության լեհերը: Հանդիպման արդեն երկրորդ րոպեին գերազանց գրոհը եզրափակեց Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որն օգտագործեց Կամիլ Գրոսիցկու փոխանցումը: Լեւանդովսկին գրավեց Ռուի Պատրիսիուի պաշտպանած դարպասը՝ խփելով իր առաջին գոլն այս առաջնությունում: Լեւանդովսկու գոլը երկրորդ ամենաարագն է Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ՝ 1:40-ին: Ավելի արագ գոլ խփել է միայն ռուսաստանցի Դմիտրի Կիրիչենկոն Եվրո-2004-ի ժամանակ, Հունաստանի դարպասը 1:07-ին:

Դրանից հետո Պորտուգալիայի հավաքականը տիրեց նախաձեռնությանը, մրցակցին տալով միայն հակագրոհների սակավ հնարավորություններ: Պորտուգալացիների ճնշումն արդյունք տվեց 33-րդ րոպեին: Նանիի փոխանցումն օգտագործեց Ռենատու Սանչիսը՝ հավասարեցնելով հաշիվը:

Ընդմիջումից հետո Ռոնալդուն Նանիի փոխանցումից հետո ձախ եզրից մտավ մրցակցի տուգանային հրապարակ, հարված կատարեց, սակայն շեղ ստացվեց: Թիմերը երկար ժամանակ չկորցնելով խաղադաշտի միջին հատվածում փոխադարձ բազմաթիվ գրոհներ կազմակերպեցին, սակայն գործը վերջնական արդյունավետ հարվածների այդպես էլ չէր հասնում: Հիմնական ժամանակի ավարտից հինգ րոպե առաջ հրաշալի հնարավորություն կարող էր ունենալ Ռոնալդուն, սակայն վրիպեց եւ հարվածը չստացվեց տուգանային հրապարակում:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Պորտուգալիան այս մրցաշարում 5-րդ անգամ անընդմեջ բավարարվեց ոչ ոքի արդյունքով:

Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի հենց մեկնարկում Ռոնալդուն միայնակ դուրս եկավ դարպասապահի դեմ՝ ստանալով փոխանցում Էլիզեուից, սակայն հարվածել դարձյալ չկարողացավ:

Լրացուցիչ երկրորդ խաղակեսում ամենահիշարժանը երկպագուի ներխուժումն էր խաղադաշտ, սակայն անվտանգության աշխատակիցները շատ արագ կարողացան հեռացնել կարգազանցին, որը վազում էր Ռոնալդուի ուղղությամբ:

Լրացուցիչ ժամանակն էլ ի հայտ չբերեց հաղթողին՝ 0:0: Հետխաղյա 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին

Առաջինը գնդակին մոտեցավ պորտուգալացիների ավագ Ռոնալդուն եւ չվրիպեց: Դիպուկ հարվածով պատասխանեց լեհերի ավագ Լեւանդովսկին: Ռենատու Սանչիսը առաջ մղեց պորտուգալացիներին, Արկադիուշ Միլիկը շանս չտվեց դարպասապահ Պատրիսիուին՝ հավասարեցնելով հաշիվը: Պորտուգալացիներից երրորդը մոտեցավ Ժոաու Մոուտինյուն՝ դարձյալ անթերի: Կամիլ Գլիկը հուսախաբ չարեց լեհերին: Լուիշ Նանին գրավեց Ֆաբիանսկու պաշտպանած դարպասը, իսկ Յակուբ Բլաշչիկովսկու հարվածից հետո Պատրիսիուն հետ մղեց: Կուարեժման խփեց Պորտուգալիայի հաղթական գոլը:

Պորտուգալիան կհանդիպի Ուելս - Բելգիա դիմակայության հաղթողի հետ:

Եվրո-2016, քառորդ եզրափակիչ

Լեհաստան - Պորտուգալիա՝ 1:1 (լրացուցիչ ժամանակ՝ 0:0, 11մ՝ 3:5)

Ռոբերտ Լեւանդովսկի, 2 - Ռենատու Սանչիս, 33

Լեհաստան. Լուկաշ Ֆաբիանսկի, Լուկաշ Պիշչեկ, Միխալ Պազդան, Կամիլ Գլիկ, Արտուր Ենջեյչիկ, Գժեգոժ Կրիխովյակ, Կշիշտոֆ Մոնչինսկի, Յակուբ Բլաշչիկովսկի, Կամիլ Գրոսիցկի (Բարտոշ Կապուստկա, 82), Արկադիուշ Միլիկ, Ռոբերտ Լեւանդովսկի:

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Էլիզեու, Վիլիամ Կարվալյու (Պերեյրա Դանիլու, 96), Ադրիեն Սիլվա (Ժոաու Մոուտինյու, 74), Ռենատու Սանչիս, Լուիշ Նանի, Ժոաո Մարիու (Ռիկարդու Կուարեժմա, 80), Կրիշտիանու Ռոնալդու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս