16:22  ,  30 հունիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանը Թոմաս Տուխելին հայտնել է, որ տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին հայտնել է, որ տեղափոխվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

Bild-ի համաձայն՝ 27-ամյա կիսապաշտպանը գերմանացի մասնագետին ուղարկել է հաղորդագրություն, որում նշել է հետեւյալը. «Տեղափոխվում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը եւ կողմերը փոխհամաձայնության չեն գալիս այն երկարաձգելու հարցում: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 42.5 միլիոն եվրո կվճարի 27-ամյա Մխիթարյանին ձեռք բերելու համար։ Անգլիական ակումբի հետ նա կնքելու է 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով։

Ավարտված մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով