22:42  ,  29 հունիսի, 2016

Ուիմբլդոն. Ռոջեր Ֆեդերերի երկրորդ հաղթանակը

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը երկրորդ հաղթանակն է տարել Ուիմբլդոնի մրցաշարում: Շվեյցարացի թենիսիստը երկրորդ շրջանում առավելության է հասել բրիտանացի Մարկուս Ուիլիսի նկատմամբ՝ 6:0, 6:3, 6:4: 1 ժամ 24 րոպե տեւած մրցախաղում Ֆեդերերը ոչ մի կրկնակի սխալ թույլ չի տվել: Ուիլիսն աշխարհի 772-րդ ռակետն է: Հանդիպումն անցկացվել է փակվող տանիքով կենտրոնական կորտում: Մյուս հանդիպումներն անձրեւի պատճառով ընդհատվել էին:

Երրորդ շրջանում Ֆեդերերի մրցակիցը կլինի բրիտանացի Դանիել Էվանսի եւ ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովի դիմակայության հաղթողը:

130-րդ անգամ անցկացվող Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 28.1 միլիոն ֆունտ ստերլինգ է: Հաղթողը հայտնի կդառնա հուլիսի 10-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում