19:15  ,  29 հունիսի, 2016

Ի՞նչ պայմաններում են մարզվում հայ աթլետները. վազքուղին վտանգավոր է վազորդների համար (ֆոտո)

Հայ աթլետների հաջողությունների մասին վերջին շրջանում շատ է խոսվում, պարբերաբար հայ մարզիկները հաղթանակներ, նոր ռեկորդներ են սահմանում, իրենց տեղը հաստատում միջազգային մրցասպարեզում: Պատահական չէ, որ օգոստոսի 5-ին Ռիոյում մեկնարկելիք 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում Հայաստանը կունենա հինգ մասնակից, ինչը եւս խոսում է մարզաձեւի զարգացման, աճի ու հաջողությունների մասին։ Սակայն քչերին է հայտնի, թե հայ աթլետները ինչ պայմաններում են մարզվում, ինչ մարզագույքով եւ ինչ վազքուղիների վրա։

Երեւանում գործում է աթլետիկայի երկու մարզադահլիճ։ NEWS.am Sport-ի թղթակիցը այցելեց «Հայաստան» մարզական միության աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մարզադպրոց, որը գտնվում է Ագաթանգեղոս փողոցում։

Մարզադպրոցը կառուցվել է 1970 թվականին։ Ունի մարզադաշտ՝ վազքուղիներով եւ փակ դահլիճ։ Մարզադպրոցն ունի շուրջ 300 աշակերտ։ Այստեղ է մարզվում նաեւ Հայաստանի ազգային հավաքականը։ Իսկ այս օրերին մարզադպրոցը հիմնականում օլիմպիականների տրամադրության տակ է. տարբեր ժամերի աթլետներ Լեւոն Աղասյանը, Ամալյա Շառոյանը, Դիանա Խուբեսերյանը, Գայանե Չիլոյան եւ Լիլիթ Հարությունյանը մարզումներ են անցկացնում այս մարզադաշտում եւ փակ դահլիճում։

NEWS.am Sport-ի թղթակցի այցի օրը մարզադպրոցի փակ դահլիճում մարզվում էր Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած եռացատկորդ Լեւոն Աղասյանը։

Մարզադպրոցի փակ դահլիճը նախատեսված է մոտ 100 մարզիկների համար։ Այստեղ միաժամանակ մարզվում են վազորդները, հեռացատկորդները, եռացատկորդները, նույնիսկ, նիզակ եւ գունդ նետողները։

Մարզադահլիճը անմխիթար վիճակում է, վազքուղին հնամաշ, վազքուղու վրա գծանշումները ջնջված, մարզագույքը մաշված։

Հարեւանությամբ գործող մարզադաշտում վազքուղին է։ Մարզիչներից մեկի խոսքով, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ աթլետները գրեթե չեն մարզվում այս վազքուղու վրա, քանի որ այն վտանգավոր է վազորդների համար։

«Այս մարզադպրոցը մեկ անգամ վերանորոգվել է՝ կոսմետիկ ռեմոնտ 2005 թվականին։ Դրանից հետո որոշում կար, որ նոր վազքուղի պետք է կառուցվի, մարզագույք ձեռք բերվի, դրսի վազքուղին կառուցվի։ Այդ որոշումը կայացվեց այն ժամանակ, երբ սպորտի նախարարը Յուրի Վարդանյանն էր։ Նա որոշումը կայացրեց, եկան չափագրեցին, միջազգային ֆեդերացիան իր աջակցությունը հայտնեց, պատրաստվում էր փոխանցում կատարել, մեր կառավարությունը եւս պետք է ներդրում աներ, ամեն ինչ պատրաստ էր, ստորագրված, բայց իրականություն այդպես էլ չդարձավ։ Նախարարը փոխվեց, նրա ձեռնարկած գործը մնաց թղթի վրա գրված։

Ոչ ոք ուշադրություն չի դարձնում, չի տեսնում, թե այստեղ երեխաները ինչ պայմաններում են մարզվում։ Աթլետիկան մարզաձեւերի թագուհին է, առաջին օլիմպիական ձեւը, ամբողջ աշխարհում առաջին մարզաձեւն է մեծ սպորտում, միայն Հայաստանում է, որ ամենավերջին տեղում է։

Տարիներ առաջ մեր մարզադպրոցի սաների թիվը շատ էր, մարդկանց հոսքը մեծ էր աթլետիկայի մարզադահլիճ։ Այսօր շատ է նվազել։ Ծնողները, երեխաները նույնպես մտնում են դահլիճ եւ այլեւս չեն ցանկանում վերադառնալ այս դահլիճ, այստեղ մարզվել։ Նրանք էլ պետք է հաճույք ստանան չէ՞ իրենց մարզումներից։ Սպորտի թագուհին՝ աթլետիկան աստիճանաբար այսօր դառնում է ուղղակի ֆիզկուլտուրա, մարզադահլիճ մտնողների մի մասը գալիս է ուղղակի մարզվելու, վազել սովորելու, գեր երեխաներին նիհարեցնելու»,- պատմեց մարզիչը։ 

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս