18:50  ,  29 հունիսի, 2016

Ջերարդ. Անգլիայի հավաքականի շուրջ հիստերիա է, ներսում՝ վախի մթնոլորտ

Անցյալի սխալների եւ ընթացիկ ոչ ճիշտ որոշումների հետեւանքով Անգլիայի հավաքականը ձախողվեց Եվրո-2016-ում, հայտարարել է թիմի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը:

«Համաձայն չեմ, որ անգլիական ֆուտբոլի խնդիրը վատ ֆուտբոլիստներն են: Չեմ ընդունում նաեւ կարծիքները, թե անգլիացի խաղացողները գերագնահատված են, անգլիական Պրեմյեր լիգան այդքան էլ ուժեղ չէ: Մի քանի ամիս առաջ մենք հաղթում էինք գերմանացիներին, իսկ այժմ չենք կարողանում հաղթահարել Իսլանդիայի արգելքը: Սակայն մեր լիգան ամենամրցունակն է աշխարհում, մեր առաջնությունում ավելի բարձրակարգ ֆուտբոլ է:

Խնդիրը հոգեբանության մեջ է: Թիմի շուրջ չկա հանգիստ մթնոլորտ եւ երբեք չի եղել: Միշտ եղել է հիստերիա, իսկ թիմի ներսում վախի մթնոլորտ է: Մենք չունենք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նախկինում տարած հաղթանակների ոգին: Մենք պարտվեցինք իրադարձությունների զարգացմանը սխալ արձագանքելու, ոչ ճիշտ որոշումներ ընդունելու հետեւանքով»,- The Telegraph-ում գրում է 36-ամյա ֆուտբոլիստը, որը Եվրո-2012-ում Անգլիայի հավաքականի ավագն էր:

«Լիվերպուլի» լեգենդն այժմ կարիերան ավարտում է ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում» եւ բրիտանական պարբերականի սյունակագիրն է:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում Անգլիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց իսլանդացիներին: Թիմի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հեռացավ պաշտոնից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում