15:10  ,  29 հունիսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Սանտա Կոլոմա» - «Ալաշկերտ»․ Մարզիչների կարծիքները

Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտի» ու Անդորրայի ուժեղագույն ակումբ «Սանտա Կոլոմայի» միջեւ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները պատմել են տպավորությունների մասին։

Ռիչարդ Իմբերնոն («Սանտա Կոլոմա»)․ «Մենք կատարեցինք մեր առջեւ դրված խնդիրը։ Ցանկանում էինք գոլ բաց չթողնել եւ շանսեր պահպանել Հայաստանում կայանալիք խաղից առաջ։ Չնայած նրան, որ մրցակիցն ուներ առավելություն, հաշիվն արդարացի եմ համարում»։

Աբրահամ Խաշմանյան («Ալաշկերտ»)․ «Ցանկանում էինք հաղթել, այդ պատճառով գոլազուրկ ոչ ոքին չեմ համարում դրական արդյունք։ Մեկնարկային 20 րոպեներին «Սանտա Կոլոմայի» ֆուտբոլիստներն անընդհատ դադարեցնում էին խաղը», փոխանցում է bondia.ad-ը։

Հիշեցնենք, որ Անդորրայում կայացած խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը, իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Որակավորման երկրորդ փուլում «Սանտա Կոլոմայի» եւ «Ալաշկերտի» դիմակայության հաղթողը մրցելու է Թբիլիսիի «Դինամոյի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում