09:03  ,  27 հունիսի, 2016

Ամերիկայի Գավաթի լավագույն ֆուտբոլիստը, դարպասապահը եւ ռմբարկուն (ֆոտո)

ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, գրում է Daily Mail-ը:

Լոնդոնի «Արսենալի» ներկայացուցիչը նման պատվի արժանացել էր նաեւ նախորդ տարի, երբ չիլիացիները հաղթել էին տնային Ամերիկայի Գավաթում:

Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց «Բարսելոնայի» եւ Չիլիի հավաքականի ներկայացուցիչ Կլաուդիո Բրավոն, իսկ «Ոսկե խաղակոշիկը» ստացավ գերմանական «Հոֆենհայմի» չիլիացի հարձակվող Էդուարդո Վարգասը, որը խփեց 6 գոլ:

Հիշեցնենք, որ եզրափակիչում Չիլին հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականին: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին: Ամերիկայի գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչում Չիլիի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր Արգենտինային՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով աշխարհամասի չեմպիոն: Չիլին դարձավ երկրորդ հավաքականը, որը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ամերիկայի Գավաթում: Նախկինում դա հաջողվել էր միայն արգենտինացիներին (1946-ին եւ 1947-ին):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում