14:28  ,  26 հունիսի, 2016

Լաերսիոն հեռացել է «Բանանցից»

Բրազիլացի ֆուտբոլիստ Լաերսիո Գոմես Կոստայի եւ «Բանանցի» միջեւ պայմանագրի ժամկետն ավարտվել է եւ ֆուտբոլիստն ավարտել է իր ելույթներն ակումբի կազմում, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Բանանցի» գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյան այսպես է մեկնաբանել այդ փաստը. «Լաերսիոյի հետ պայմանագիրը նախորդ տարի էր կնքվել «Բանանցի» նախկին ղեկավարության կողմից, եւ դրա ժամկետն ավարտվել է մրցաշրջանի ավարտից հետո:

Բնականաբար մենք ցանկանում էինք, որպեսզի թիմի լավագույն ռմբարկուն շարունակի իր ելույթները «Բանանցում»: Ակումբի կողմից արվել է Լաերսիոյի հետ նոր պայմանագիր կնքելու առաջարկ՝ բարելավված պայմաններով, սակայն բանակցությունները փակուղում հայտնվեցին, երբ ֆուտբոլիստի գործակալի կողմից ներկայացվեցին նոր, բազմապատկված պահանջներ, որոնք խելամիտ չէին եւ չէին համապատասխանում հայկական ֆուտբոլային իրականությանը:

Եվրոպայի լիգայի «Օմոնիայի» դեմ առաջիկա խաղին «Բանանցը» կներկայանա ներկայիս կազմով, սակայն ակումբի ղեկավարությունն այժմ աշխատում է նոր համալրումների ուղղությամբ, որոնց արդյունքների մասին կհայտարարվի մոտ ապագայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում