01:32  ,  26 հունիսի, 2016

Եվրո-2016. Պորտուգալիան հաղթանակ կորզեց լրացուցիչ ժամանակում (ֆոտոշարք)

Պորտուգալիայի հավաքականը նվաճեց Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի ուղեգիր: 1/8 եզրափակիչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթեցին Խորվաթիայի հավաքականին:

Լանսում կայացած հանդիպման առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ ավարտվեց 0:0 հաշվով: Խաղի տեմպը բարձր չէր, եւ թիմերը կարծես չէին ցանկանում ռիսկի դիմել, իսկ գոլային պահեր գրեթե չկային: Առաջին կեսի միակ գոլային պահն ունեցավ Մադրիդի «Ռեալի» պարտուգալացի պաշտպան Պեպեն, որը ստանդարտ դիրքի խաղարկման ժամանակ կատարեց շեղ հարված:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում խորվաթներն ավելի ակտիվ էին եւ անցկացնում էին գրոհներ: Պորտուգալիայի դարպասի մոտ ամենաիրական գոլային պահը եղավ 62-րդ րոպեին, երբ Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դոմագոյ Վիդայի հարվածն ընթացավ փոքր շեղությամբ: Գրոհներ անցկացնում էր նաեւ Պորտուգալիան, որի առջեւի գծում գրեթե աննկատ էր գործում Կրիշտիանու Ռոնալդուն: Խաղի ցածր տեմպն աստիճանաբար ավելի էր նվազում եւ հիմնական ժամանակում գրանցվեց 0:0 հաշիվը: Հատկանշական է, որ հիմնական ժամանակում թիմերը ոչ մի դիպուկ հարված չկատարեցին մրցակցի դարպասին:

Լրացուցիչ ժամանակը եւս չանցավ դիտարժան պայքարում: Երկար ժամանակ թիմերը չէին կարողանում ստեղծել գոլային պահեր, եւ թվում էր, որ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարն անխուսափելի է: Սակայն վերջնամասում խորվաթներն ակտիվացան եւ ստեղծեցին մի քանի գոլային պահեր, որոնք օգտագործել չհաջողվեց: Քիչ անց գործեց ֆուտբոլի չգրված օրենքը: Պորտուգալիայի հավաքականը գոլ խփեց հակագրոհի արդյունքում: Ռոնալդուի հարվածից հետո խորվաթ դարպասապահ Դանիել Սուբաշիչն անհաջող հետ մղեց գնդակը եւ փոխարինման դուրս եկած Ռիկարդո Կուարեժման գրավեց դատարկ դրպասը՝ բացելով հաշիվը: Վերջին վայրկաններն անցնան խորվաթների գրոհների ներքո, բայց դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին:

Կիսաեզրափակիչի համար պայքարում պորտուգալացիները կհանդիպեն Լեհաստանի հավաքականին, որը քառորդ եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր շվեյցարացիներին: Հունիսի 25-ին 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել էր նաեւ Ուելսի հավաքականը՝ նվազագույն հաշվով հաղթելով Հյուսիսային Իռլանդիային: Ուելսցիները քառորդ եզրափակիչում խաղալու են Բելգիա – Հունգարիա զույգի հաղթողի հետ:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Խորվաթիա - Պորտուգալիա՝ 0:1

Ռիկարդո Կուարեժմա, 117

Խորվաթիա. Դանիել Սուբաշիչ, Դարիո Սռնա, Դոմագոյ Վիդա, Վեդրան Չորլուկա (Անդրեյ Կրամարիչ, 120), Իվան Ստրինիչ, Միլան Բադել, Իվան Ռակիտիչ (Մարկո Պյացա, 110), Լուկա Մոդրիչ, Իվան Պերիշիչ, Մարսելո Բրոզովիչ, Մարիո Մանջուկիչ (Նիկոլա Կալինիչ, 88):

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերերո, Վիլիամ Կարվալյու, Ադրիեն Սիլվա (Դանիլո Պերեյրա, 108), Անդրե Գոմեշ (Ռենատու Սանչես, 50), Լուիշ Նանի, Ժոաո Մարիու (Ռիկարդո Կուարեժմա, 87), Կրիշտիանու Ռոնալդու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով