21:51  ,  25 հունիսի, 2016

Եվրո-2016. Ինքնագոլն Ուելսին դուրս բերեց քառորդ եզրափակիչ (ֆոտոշարք)

Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի երկրորդ մասնակիցը դարձավ Ուելսի հավաքականը: 1/8 եզրափակիչում ուելսցիները նվազագույն հաշվով հաղթեցին Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին: Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղն անցավ հավասար պայքարում եւ վճռորոշ եղավ խփված մեկ գնդակը: Միակ գոլը գրանցվեց 75-րդ րոպեին, երբ Գարեթ Բեյլի փոխանցումից հետո Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի եւ անգլիական «Վեստ Բրոմվիչի» պաշտպան Գարեթ Մաքոլին գրավեց սեփական դարպասը: Հյուսիսային Իռլանդիայի թիմն աչքի էր ընկնում հիանալի պաշտպանությամբ, սակայն մեկ սխալը վճռորոշ եղավ:

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ուելսի հավաքականը մրցելու է Հունգարիա – Բելգիա զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել Լեհաստանի հավաքականը, որը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր լեհերին եւ հաջորդ խաղում հանդիպելու է Պորտուգալիա - Խորվաթիա զույգի հաղթողին:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Ուելս - Հյուսիսային Իռլանդիա՝ 1:0

Գարեթ Մաքոլի, 75 (ինքնագոլ)

Ուելս. Ուեյն Հենեսի, Նիլ Թեյլոր, Բեն Դեւիս, Էշլի Ուիլյամս, Ջեյմս Չեստեր, Կրիստոֆեր Գանտեր, Ջոյ Լեդլի (Ջոնաթան Ուիլյամս, 63), Ջո Ալեն, Աարոն Ռեմզի, Սեմ Վոուկս (Ռոբսոն Կանու, 55), Գարեթ Բեյլ:

Հյուսիսային Իռլանդիա. Մայքլ Մաքգովերն, Գարեթ Մաքոլի (Ջոշ Մագենիս, 84), Ջոնի Էվանս, Օլիվեր Նորվուդ (Նիլ Մքգին, 79), Աարոն Հյուզ, Սթյուարտ Դալաս, Ստիվեն Դեւիս, Քորի Էվանս, Քրեյգ Քեթքարթ, Ջեյմի Ուորդ (Քոնոր Վաշինգթոն, 69), Կայլ Լաֆերտի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս