20:20  ,  25 հունիսի, 2016

Գարիկ Բարսեղյանը եւ Գեորգի Կետոեւը` Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի հաղթողներ

Վանաձորում մեկնարկել է Սեուլի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան 21-րդ միջազգային մրցաշարը, փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը:

Առաջին օրը մրցագորգ դուրս եկան 57 կգ, 65 կգ, 74 կգ եւ 97 կգ քաշային ըմբիշները:

Հայաստանի հավաքականի անդամներ Գարիկ Բարսեղյանը (57 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ) դարձան մրցաշարի ոսկե մեդալակիրներ: Բարսեղյանը եզրափակիչում առավելության հասավ ռուս Հասան Բադրուդինովի նկատմամբ, իսկ Կետոեւն ուժեղ գտնվեց իրանցի Ամիր Մուհամադից: 57 կգ քաշային կարգում Ռիո-2016-ի ուղեգիր նվաճած Գառնիկ Մնացականյանը դարձավ բրոնզե մեդալակիր, 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը նույնպես դարձավ մրցաշարի երրորդ մրցանակակիր:

65 կգ քաշայինների պայքարում լավագույնը ռուս Ալան Գոգաեւն էր, իսկ 74 կգ քաշային կարգի ոսկե մեդալակիր դարձավ Կախաբեր Խումբեշտին (Ռուսաստան):

Հունիսի 26-ին մրցագորգ դուրս կգան 61 կգ, 70 կգ, 84 կգ եւ 125 կգ քաշային ըմբիշները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում