19:42  ,  25 հունիսի, 2016

Եվրո-2016. Շաքիրիի ֆանտաստիկ գոլն ու շվեյցարացիների անհաջողությունը (ֆոտոշարք)

Մեկնարկեց Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչը, որի առաջին խաղում Լեհաստանի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով առավելության հասավ Շվեյցարիայի նկատմամբ եւ դարձավ քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը: Սենտ Էթյենում կայացած խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:

Առաջին խաղակեսում լեհերն ավելի լավ տեսք ունեին եւ ընդմիջման գնացին հաշվի մեջ առջեւում: Հագագրոհի արդյունքում 39-րդ րոպեին հաշիվը բացեց իտալական «Ֆիորենտինայի» լեհ կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը:

Ընդմիջումից հետո շվեյցարացիներն ունեին նկատելի առավելություն: Լեհերը հիմնականում մտածում էին սեփական դարպասն անառիկ պահելու մասին, իսկ Շվեյցարիայի թիմը վերահսկում էր գնդակը, սակայն չէր կարողանում ստեղծել գոլային պահեր: Վերջնամասում շվեյցարացիները մի քանի անգամ անհանգստացրին լեհերի դարպասապահին, ինչից հետո խփեցին պատասխան գոլը: 82-րդ րոպեին հաշիվը 1:1 դարձրեց անգլիական «Սթոք Սիթիի» շվեյցարացի կիսապաշտպան Ջերդան Շաքիրին: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով եւ տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին:

Լրացուցիչ ժամանակում Շվեյցարիան ուներ նկատելի առավելություն եւ մեծ ճնշում էր գործադրում մրցակցի դարպասին, բայց չկարողացավ հաղթանակ կորզել: Վերջնամասում 2 իրական գոլային պահ կորցրեց փոխարինման դուրս եկած Էրեն Դերդիյոկը: Նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որում ավելի դիպուկ գտնվեցին լեհերը: 11 մետրանոցների ժամանակ Լեհաստանից դիպուկ էին Ռոբերտ Լեւանդովսկին, Արկադիուշ Միլիկը, Կամիլ Գլիկը, Յակուբ Բլաշչիկովսկին եւ Գժեգոժ Կրիխովյակը: Շվեյցարիայից դիպուկ հարված կատարեցին Ստեֆան Լիխտշտայները, Ջերդան Շաքիրին, Ֆաբիան Շերը եւ Ռիկարդո Ռոդրիգեսը, իսկ Լոնդոնի «Արսենալի» նորեկ Գրանիտ Ջական վրիպեց:

Քառորդ եզրափակիչում Լեհաստանի հավաքականը կխաղա Պորտուգալիա - Խորվաթիա զույգի հաղթողի հետ:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Շվեյցարիա - Լեհաստան՝ 1:1  

Ջերդան Շաքիրի, 82 – Յակուբ Բլաշչիկովսկի, 39

11 մետրանոցներով՝ 5:4

Շվեյցարիա. Յան Զոմեր, Ստեֆան Լիխտշտայներ, Յոհան Ջուրու, Ֆաբիան Շեր, Ռիկարդո Ռոդրիգես, Գրանիտ Ջակա, Վալոն Բեհրամի (Գելսոն Ֆերնանդես, 77), Բլերիմ Ձեմաիլի (Բրիլ Էմբոլո, 58), Ադմիր Մեհմեդի (Էրեն Դերդիյոկ, 70), Ջերդան Շաքիրի, Հարիս Սեֆերովիչ:

Լեհաստան. Լուկաշ Ֆաբիանսկի, Լուկաշ Պիշչեկ, Միխալ Պազդան, Կամիլ Գլիկ, Արտուր Երջեյչիկ, Գժեգոժ Կրիխովյակ, Կշիշտոֆ Մոնչինսկի (Տամաշ Յադլովեց, 101), Յակուբ Բլաշչիկովսկի, Կամիլ Գրոսիցկի (Սլավոմիր Պեշկո, 104), Արկադիուշ Միլիկ, Ռոբերտ Լեւանդովսկի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով