23:50  ,  23 հունիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնել է 40 միլիոն եվրո վճարել Հենրիխ Մխիթարյանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնել է 40 միլիոն եվրո վճարել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար, գրում է bleacherreport.com՝ հղում անելով Daily Mirror թերթին:

Ավելի վաղ Անգլիայի 20-ակի չեմպիոնը Հայաստանի հավաքականի ավագի համար առաջարկել էր 36 միլիոն եվրո, սակայն «Բորուսիան» պահանջել էր 40 միլիոն: Երկարատեւ բանակցություններից հետո կողմերը հասել են համաձայնության եւ «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է վճարել պահանջվող գումարը: Նշվում է, որ գործարքը կայացման եզրին է:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը եւ կողմերը փոխհամաձայնության չեն գալիս այն երկարաձգելու հարցում: Ավելի վաղ հայ կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան էլ նշել էր, որ Հենրիխը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ավարտված մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում