17:06  ,  17 հունիսի, 2016

Կարեն Աղամալյանը՝ բռնցքամարտի Հայաստանի օլիմպիական թիմի ծրագրերի մասին

Հայտնի են Ռիո-2016-ում հայ բռնցքամարտիկների կշռման արարողության եւ օլիմպիական մրցելույթների օրերը։ Բռնցքամարտի Հայաստանի օլիմպիական թիմը Ռիո կմեկնի հուլիսի 26-ին, իսկ մինչեւ այդ կանցկացնի հայաստանյան երկու հավաք։

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ամփոփեց կիեւյան հավաքը եւ ներկայացրեց մինչեւ Օլիմպիական խաղերը թիմի ծրագրերը։

Պարոն Աղամալյան, օլիմպիական թիմը օրերս վերադարձավ Կիեւում անցկացրած ուսումնամարզական հավաքից։ Ամփոփեք հավաքը։ Ինչի՞ն էր ուղղված այն։

Կիեւում հավաքը հունիսի 1-13-ն էր։ Մեզ հետ հավաք էին անում նաեւ Ուկրաինայի, Բելառուսի եւ Իսրայելի հավաքականներ, որոնք պատրաստվում էին առաջիկայում Բաքվում կայանալիք վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարին։ Ուկրաինայի հավաքականը բավական ուժեղ թիմ է, բայց մինչ օրս նրանք չունեն ոչ մի վարկանիշ, բելառուսներն ունեն 1 վարկանիշ, Իսրայելի հավաքականը եւս չունի օլիմպիական վարկանիշ։ Հաշվի առնելով այս երեք երկրների հավաքականների վարկանիշների համար պայքարը, նպատակաուղղված մեր հավաքականին տարել եմ Կիեւ՝ այդ հավաքին մասնակցելու։ Օգտագործեցի այն փաստը, որ այդ թիմերը դեռեւս պայքարում են օլիմպիական ուղեգրերի համար եւ մեր օլիմպիական թիմը կցեցի այդ հավաքին՝ իմանալով, թե ինչ նախապատրաստական փուլ եւ ինչպիսի արդյունք կլինի սա մեր բռնցքամարտիկների համար։

Ծրագրված էր, որ հունիսին մեր օլիմպիականներից յուրաքանչյուրը կմասնակցի միջազգային մրցումների, ամեն մեկը թեկուզ մեկ քաշ բարձր անձնական քաշից։ Բայց կամ մեր բախտից էր, կամ ոչ, այս ամիս միջազգային օրացուցային պլանում որեւէ միջազգային մրցաշար չկա, քանի որ թիմերը պատրաստվում են Բաքվում կայանալիք վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարին։

Ուկրաինայի հավաքը օլիմպիական նախապատրաստական փուլի հի՞մքն էր։

Սա միջանցիկ մարզումային փուլ էր, ինչը եւ ես նախատեսում էի։ Նպատակը՝ մարզիկների երկար ժամանակ պարապ չմնալն էր մինչ օլիմպիական մարզումային փուլի մեկնարկը։ Կիեւում մենք արել ենք 14 ռաունդ սփարինգային աշխատանք։

Օլիմպիական խաղերի նախապատրաստական հիմնական փուլը կսկսվի հունիսի 30-ից հուլիսի 14-ը՝ Ծաղկաձորում։ Շեշտը դրվելու է հենց այս հավաքի վրա։ Դրանից հետո կվերադառնանք Երեւան, մի քանի օր տղաները կհանգստանան եւ վերջին մարզումային փուլը կլինի Աբովյանի մարզաբազայում՝ 7-10 օր։

Բրազիլիա կմեկնենք հուլիսի 26-ին։ Տղաների կշեռքը օգոստոսի 5-ին է։ Ես տղաների եւ մեր ամբողջ թիմի առաջ խնդիր եմ դրել, որ Ռիո մեկնելու ենք լիարժեք, կատարյալ մարզավիճակում՝ յուրաքանչյուրն իր քաշային կարգում։ Բայց այստեղ ունենք խնդիր. Արթուր Հովհաննիսյանը ռինգ է դուրս գալու օգոստոսի 6-ին, Վլադիմիր Մարգարյանը՝ օգոստոսի 7-ին։ Այս երկու բռցնքամարտիկների մարզավիճակը պահելու խնդիր չունենք։ Արամ Ավագյանը ռինգ է դուրս գալու օգոստոսի 10-ին կամ 11-ին. դեռ պարզ չէ։ Նարեկ Աբգարյանը՝ 13-ին կամ 14-ին։ Խնդիրն այն է, որ մենք Ռիո ենք մեկնում հուլիսի 26-ին, տղաները լիարժեք պատրաստ, իրենց մարզավիճակի գագաթնակետում պետք է մեկնեն Օլիմպիական քաղաք, բայց 15 օր դժվար է լինելու պահել մարզավիճակը։

Արթուր Հովհաննիսյանի եւ Վլադիմիր Մարգարյանի համար օպտիմալ ժամանակահատված է՝ հուլիսի 26-ին մեկնելն ու օգոստոսի 6-ին, 7-ին ռինգ դուրս գալը։ Իմ խնդիրը Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանն են։ Իսկ ես չեմ կարող երկու մարզիկներին թողնել այստեղ, մյուս երկուսի հետ մեկնել։ Մենք ունենք երկրորդ մարզիչ՝ Արման Հարությունյան, ով կարող էր այստեղ տղաներին մարզումներին հետեւել, բայց նա ինձ հետ պետք է լինի Ռիոյում։

Եվ ինչպե՞ս եք պատրաստվում այս խնդիրը լուծել։ Օլիմպիական քաղաքում մարզիկները հնարավորություն կունենա՞ն մյուս հավաքականների հետ մարզվել։

Նախապես պայմանավորվածություններ կան մյուս երկրների հավաքականների հետ, որ համատեղ մարզումներ անցկացնենք։ Հուլիսի 28-ին արդեն Օլիմպիական քաղաքում կլինի Ռուսաստանի հավաքականը։ Բայց ես մտածում եմ այլ կերպ այս խնդրին լուծում տալ, որպեսզի անմիջապես իրենց մրցելույթների օրերին մարզիկները լինեն մարզավիճակի գագաթնակետին. Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը քաշ կգցեն, ապա կավելացնեն այս ընթացքում։ Հայաստանից կմեկնեն իրենց քաշերով՝ Արամ Ավագյանը՝ 56, Նարեկ Աբգարյանը՝ 52 կգ, օգոստոսի 5-ին կմասնակցեն կշռման արարողությանը եւ դրանից հետո մինչեւ մենամարտի օրը մի փոքր կիջեցնեն եւ նորից կբարձրացնեն քաշերը։ Ուրիշ ելք չունենք։ Ամեն ինչ լավ կլինի, ես համոզված եմ։

ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը սկզբնական շրջանում առաջարկում էր օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլն անցկացնել ԱՄՆ-ում, ինչին Դուք դեմ էիք։ Ինչո՞ւ ընտրեցիք հայաստանյան հավաքները։

Եթե արտագնա հավաքը, կոնկրետ ԱՄՆ-ում հավաքը լիներ այն ժամանակ, երբ մենք գնացել էինք Կիեւ, կողմ կլինեի, ավելի նպատակահարմար կլիներ։ Ես զրուցել եմ տարբեր մասնագետների հետ. Հայաստանի ու Բրազիլիայի եւ ԱՄՆ-ի ու Բրազիլիայի ժամային տարբերությունն այնպիսին է, որ կլիմայական գոտու փոփոխություններից ելնելով,  մարզիկների համար ավելի լավ է Հայաստանից մեկնել Բրազիլիա։

Բացի այդ, երկրորդ կարեւոր պատճառն այն է, որ ես հայաստանյան հավաքներին մասնակցող սփարինգ-մրցակիցներին գիտեմ։ Մեր հավաքների ժամանակ նրանք պետք է ծառայեն մեր օլիմպիականներին։ Ես չգիտեմ՝ ԱՄՆ-ում ովքեր էին լինելու մեր օլիմպիականների մրցակիցները մարզումների ժամանակ, սփարինգների ժամանակ, կծառայեին դրսի մարզիկները մեր օլիմպիականներին այնպես, ինչպես հայ բռնցքամարտիկները։ Ծաղկաձորում եւ Աբովյանում մարզիկների համար ավելի հարմար է մարզումներ անցկացնելը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով