Եվրոպայի առաջնությունում փորձարկեցի Օլիմպիական խաղերի համար ավելի բարդ ծրագիրս: Ոսկե մեդալը նվաճելով՝ վստահությունս մեծացավ, որ Ռիոյում լավ կլինի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բեռնից ասաց Եվրոպայի նորընծա չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի ուղեգիր նվաճած Հարություն Մերդինյանը:
Մայիսի 29-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում Հարություն Մերդինյանը նժույգի վարժությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը:
Հարություն, դու դարձար անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին մարզմնամարզիկը, ում հաջողվեց դառնալ Եվրոպայի չեմպիոն, ինչի կապակցությամբ NEWS.am Sport-ը շնորհավորում է:
Շնորհակալ եմ շատ: Անսպասելի էր ինչպես ինձ, այնպես էլ մեր թիմի համար, որ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կնվաճենք: Բարդ էր շատ, մեծ լարվածություն կար, սխալներ ու թերություններ եղան, բայց ինձ հաջողվեց, ստացվեց, ինչի համար շատ ուրախ եմ:
Տեղյակ եմ, որ աշխատում ես Օլիմպիական խաղերի համար նոր ու ավելի բարդ ծրագրով, որով եւ հանդես եկար Եվրոպայի առաջնությունում: Սա քեզ համար նոր վարժության փորձարկո՞ւմն էր, թե՞ վստահ գնում էիր ոսկե մեդալի հետեւից:
Եվրոպայի առաջնությունում նոր ու բարդ ծրագրով հանդես եկա: Արդեն բավական երկար ժամանակ մարզիչներիս հետ աշխատում ենք օլիմպիական բարդ ծրագրի վրա: Եվրոպայի առաջնությանը գնում էի այդ բարդ վարժությունը փորձարկելու: Չնայած արդեն երկար ժամանակ մարզվում ենք այս վարժության վրա, բայց ինձ անպայման Օլիմպիական խաղերից առաջ պետք էր նման լուրջ ու կարեւոր մի մրցաշար, որտեղ ես կփորձարկեի իմ վարժությունը: Չէի ցանկանում առաջին փորձս լիներ հենց Օլիմպիական խաղերը: Եվ քանի որ վարժությունս նոր էր, իսկ մրցակիցներս աշխարհի չեմպիոն եւ աշխարհի մրցանակակիրներ էին, ես պարտավոր էի հնարավորինս մաքուր եւ լիարժեք կատարել վարժությունս: Առաջին իսկ րոպեներից սխալ թույլ տվեցի, երկու անգամ գրեթե ընկնում էի նժույգի վրայից, բայց կարողացա անմիջապես շտկել վարժությունս, ավելի բարդ տարրեր կատարելով: Ինձ հաջողվեց չընկնել, իմ ուզած բարդ տարրերը փորձարկել եւ արդյունքը անսպասելի եղավ:
Նշեցիր, որ լարվածություն կար: Ինչո՞վ էր պայմանավորված լարվածությունդ:
Իսկապես այս առաջնությունը շատ լարված էր, չգիտես ինչու բոլոր մասնակիցների մոտ էլ կար այդ լարվածությունը, ինձ մոտ եւս: Լարվածությունս գնալով ավելի էր մեծանում, երբ տեսնում էի, թե ինչպես են մրցակիցներս ընկնում: Բայց արդեն մրցահարթակում փորձեցի տեղիք չտալ գերլարվածությանս եւ կենտրոնանալ իմ նոր վարժության փորձին: Մրցելույթի ընթացքում մտածում էի, որ սա իմ գլխավոր փորձն է Օլիմպիական խաղերից առաջ, եւ ես բարձրացել եմ մրցահարթակ իմ վարժությունը մաքուր կատարելու: Բնականաբար սխալներից ու թերություներից խուսափել չեղավ, բայց դա էլ է անհրաժեշտ, որպեսզի հասկանանք, թե ինչի վրա պետք է աշխատենք: Մինչեւ Օլիմպիական խաղերը կշտկենք բոլոր թերությունները եւ հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի:
Հարություն, ինչպե՞ս ես քեզ զգում անկախ Հայաստանի առաջին Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակում:
Շատ լավ: Ուրախ եմ, որ ինձ հաջողվել է նվաճել այդ տիտղոսը եւս: Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը նվաճելու համար երկար ու բարդ ճանապարհ եմ անցել, ինձ հետ՝ մեր մարզիչները եւս: Եվրոպայի առաջնության բոլոր գույնի մեդալներն ունեի բացի ոսկուց: Օլիմպիական մեդալն է միայն պակասում:
Այս հաղթանակը ոչ միայն իմ, այլեւ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ մեր ամբողջ թիմի, բոլոր մարզիչների հաղթանակն է: Ինձ համար մեծ նշանակություն ունի իմ թիմակիցների աջակցությունը, միասնականությունը, համատեղ պայքարելու, հաղթելու ձգտումը: Ընտանիքիցս հետո, ինձ համար մեծ դեր ունի նաեւ թիմակիցներիս աջակցությունը հաղթանակի հասնելու համար:
Եվրոպայի ոսկե մեդալը Օլիմպիական խաղերից առաջ վստահությունդ ավելացրե՞ց:
Միանշանակ վստահությունս մեծացավ, վարժությունս փորձեցի, ես ինքս ինձ էլ փորձեցի այդ վարժության մեջ: Կշարունակենք մարզվել, աշխատել, մաքրել: Կարծում եմ՝ Օլիմպիական խաղերում ավելի լավ արդյունք կլինի:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում