15:31  ,  29 մայիսի, 2016

Սերխիո Ռամոս. Զիդանը տվեց մեզ այն, ինչը նախկինում չունեինք

Մարզիչի փոփոխությունը շատ կարեւոր եղավ մեզ համար, ասել է Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում տարած հաղթանակից հետո:

Հունվարին ֆրանսիացի Զինեդին Զիդանը «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում փախարինեց իսպանացի Ռաֆայել Բենիտեսին:

«Զիդանն առաջին օրվանից թիմ բերեց համեստություն, աշխատանք եւ վճռականություն: Նա տվեց մեզ այն, ինչը նախկինում չունեինք: Մենք արժանի ենք այս հաղթանակին, եւ հրաշալի է, որ այս հաղթանակին հասանք Զիդանի հետ:

Զիզուի գալուց հետո շատ բան է փոխվել: Մթնոլորտը հանդերձարանում դարձել է ավելի լավը, մենք միասնական ենք: Այստեղ ընտանիքի նման է: Մենք հաջողության ենք հասել մեր ջանքերի, աշխատանքի եւ լավատեսության շնորհիվ»,- Ռամոսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Միլանում կայացած եզրափակիչում «Ռեալը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»: Զիդանը գլխավոր մարզիչի կարգավիճակում առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: 2014-ի հաղթանակի ժամանակ նա գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնականն էր: «Ռեալը» 11-րդ անգամ է նվաճում եվրոպական չեմպիոնների գավաթը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում