08:55  ,  29 մայիսի, 2016

Մխիթարյանի հեթ-տրիկն ու Հայաստանի հավաքականի պատմական հաղթանակը՝ 7:1

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2016 թվականի մայիսի 29-ին տարավ իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը:

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Ստաբհաբ սենթեր» ստադիոնում կայացած ընկերական խաղում Հայաստանի թիմը 7:1 հաշվով հաղթեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 89-րդ տեղը զբաղեցնող Գվատեմալային (Հայաստանը 110-րդն է)՝ տպավորիչ կերպով ընդհատելով առանց հաղթանակների շարքը (14 խաղ):

Հայկական թիմը բավական ակտիվ սկսեց խաղը եւ սկզբնամասում պրեսինգի էր դիմում մրցակցի կիսադաշտում: Հայաստանի մի քանի գրոհներից հետո Գվատեմալան բացեց հաշիվը: «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանը սեփական տուգանայինի մոտ խախտեց կանոնները, իսկ տուգանային հարվածն անթերի իրացրեց Գվատեմալայի հավաքականի 36-ամյա ավագ Կարլոս Ռուիզը: Գոլից հետո Գվատեմալան սկսեց ավելի վստահ գործել եւ խաղը հավասարվեց: Հայաստանի թիմն առաջին գոլային պահն ունեցավ 18-րդ րոպեին, երբ Մարկոս Պիզելին բարձր հարվածեց դարպասի առջեւից: Հայաստանի հավաքականը հիմնականում գրոհում էր կենտրոնով՝ չօգտագործելով եզրերը: Խաղակեսի վերջնամասում հայկական թիմը դարձյալ ակտիվացավ եւ խփեց 2 գոլ: 39-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Հայաստանի հավաքականի կազմում ամենաակտիվ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որն աչքի ընկավ Էդգար Մանուչարյանի փոխանցումից հետո: Քիչ անց Մանուչարյանը նաեւ օտվեց մրցակցի դարպասապահի կոպիտ սխալից եւ խփեց երկրորդ գոլն ու թիմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվի ժամանակ: 

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Հայաստանի թիմը հաշիվը դարձրեց 3:1: Էդգար Մանուչարյանի արտակարգ փոխանցումը 50-րդ րոպեին գլխի հարվածով եզրափակեց Լվովի «Կարպատների» կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը, որը բացեց գոլերի հաշիվը ազգային թիմում: Ընդմիջումից հետո գվատեմալացիներն ակտիվացել էին եւ ավելի հաճախ էին գրոհում, բայց Հայաստանի հավաքականը հաղթահարեց ճնշումը եւ շուտով խփեց չորրորդ գոլը, որից հետո մրցակիցը «կոտրվեց»: 60-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը, որը 10 րոպե անց դարձավ նաեւ հեթ-տրիկի հեղինակ: Հայաստանի թիմի գոլային հրավառությունը վերջնամասում շարունակեցին փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովն ու Զավեն Բադոյանը՝ 7:1: Արտակարգ հանդիպում անցկացրած Հենրիխ Մխիթարյանն առաջին հեթ-տրիկը ձեւակերպեց հավաքականում եւ կատարեց նաեւ 3 գոլային փոխանցում: 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը չէր հաղթել նախորդ 14 խաղերում, իսկ վերջին 5 հանդիպումներում գոլ չէր խփել: Հայաստանի թիմը նախորդ հաղթանակը տարել էր 2014 թվականի մայիսի 27-ին՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ ընկերական խաղում 4:3 հաշվով հաղթելով ԱՄԷ-ի հավաքականին: 3 օրից հայկական թիմը Լոս Անջելեսի «Ստաբհաբ սենթեր» ստադիոնում կմրցի Էլ Սալվադորի հետ:

Հայաստանի եւ Գվատեմալայի հավաքականները հանդիպել էին նաեւ 2000 թվականին, երբ Լոս Անջելեսում կայացած ընկերական խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը

Ընկերական խաղ, Լոս Անջելես 

Հայաստան – Գվատեմալա՝ 7:1

Հենրիխ Մխիթարյան, 39, 60, 70, Էդգար Մանուչարյան, 45+1, Գեղամ Կադիմյան, 50, Արթուր Սարկիսով, 72, Զավեն Բադոյան, 84 – Կարլոս Ռուիզ, 7

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան (Տարոն Ոսկանյան, 70), Գաել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան, Գոռ Մալաքյան (Բենիկ Հովհաննիսյան, 75), Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան (Զավեն Բադոյան, 75), Գեղամ Կադիմյան (Արտակ Եդիգարյան, 60), Մարկոս Պիզելի (Արթուր Սարկիսով, 66), Էդգար Մանուչարյան (Արաս Օզբիլիս, 60):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով