22:05  ,  28 մայիսի, 2016

Հայաստան - Գվատեմալա. Մոռացված հաղթանակի սպասումով (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 28-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Ստաբհաբ սենթեր» ստադիոնում կանցկացնի այս տարվա երկրորդ ընկերական հանդիպումը: Մրցակիցը կլինի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 89-րդ տեղը զբաղեցնող Գվատեմալան (Հայաստանը 110-րդն է):

Հայաստանի եւ Գվատեմալայի հավաքականները նախորդ անգամ հանդիպել են 2000 թվականին, երբ ընկերական խաղում գրանցվել է 1:1 հաշիվը: Գվատեմալայի հավաքականը նախորդ 5 խաղերից չորսում հաղթել է եւ կրել մեկ պարտություն (ԱՄՆ – Գվատեմալա՝ 4:0, Գվատեմալա – ԱՄՆ՝ 2:0, Գվատեմալա – Էլ Սալվադոր՝ 1:0, Գվատեմալա – Հենդուրա՝ 3:1, Սենտ Վինսենթ եւ Գրենադիններ – Գվատեմալա՝ 0:4): Գվատեմալայի հավաքականում հիմնականում հանդես են գալիս այդ երկրի առաջնությունը ներկայացնող ֆուտբոլիստները:

Հայաստանի հավաքականը չի հաղթել նախորդ 14 խաղերում, իսկ վերջին 5 հանդիպումներում գոլ չի խփել: Հայաստանի թիմը նախորդ հաղթանակը տարել է 2014 թվականի մայիսի 27-ին՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ ընկերական խաղում 4:3 հաշվով հաղթելով ԱՄԷ-ի հավաքականին:

Կորուստներ

Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողներից ԱՄՆ չեն ժամանել Մախաչկալայի «Անժիի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն ու իրանական «Էսթեղլալի» պաշտպան Հրայր Մկոյանը, որոնք վերջին օրերին պետք է լինեին իրենց ակումբներում: Նախախաղային մարզմանն էլ վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, առանց որի դժվար է պատկերացնել Հայաստանի հավաքականը: Մխիթարյանի վնասվածքի լրջության մասին տեղեկություններ չկան եւ նա, հավանաբար, կկարողանա մասնակցել խաղին: Սաուդյան Արաբիայի «Ալ Ռաեդի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին էլ նախօրեին է միացել ազգային թիմին եւ կարող է լիովին վերականգնված չլինել երկար թռիչքից ու ժամային փոփոխություններից հետո:

Հետաքրքիր փաստեր

Հայաստանի հավաքականի կազմում միակ ֆուտբոլիստը, ով երբեւէ խաղացել է լատինամերիկյան թիմերի դեմ, Հենրիխ Մխիթարյանն է։ 2007-ի հունվարի 14-ին նա նորամուտը նշեց Պանամայի հավաքականի հետ խաղում։ Մխիթարյանը նաեւ հավաքականի այժմյան ֆուտբոլիստներից ազգային թիմում անցկացրել է ամենաշատ հանդիպումները եւ խփել բոլորից շատ գոլ:

Հայաստանի հավաքականի` ամերիկյան հավաքին մասնակցող ֆուտբոլիստներից միայն Գոռ Մալաքյանն ու Դավիթ Հակոբյանն են խաղացել «Սթաբհաբ սենթեր» ստադիոնում: Այս տարվա հունվարին նրանք Գյումրիի «Շիրակի» կազմում ընկերական խաղում մրցել են ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» հետ՝ պարտվելով 1:2 հաշվով:

Ստադիոնը

«Ստաբհաբ սենթեր» ստադիոնը բացվել է 2003 թվականի հունիսի 1-ին: Շինարարական աշխատանքների համար ծախսվել է 150 միլիոն դոլար: 27 հազար տեղ ունեցող ստադիոնում իր տնային խաղերն անցկացնում է MLS-ում հանդես եկող «Լոս Անջելես Գելաքսի» ակումբը: Չեզոք դաշտում անցկացվող խաղում Հայաստանի հավաքականին սպասվում է մեծ աջակցություն, քանի որ խաղը հայաշատ Լոս Անջելեսում է, եւ ԱՄՆ-ի մյուս քաղաքներից եւս բազմաթիվ հայեր են ներկա գտնվելու հանդիպմանը:

Ընկերական խաղ, Լոս Անջելես

Հայաստան – Գվատեմալա՝ Երեւանի ժամանակով առավոտյան 07:00-ին

Հայաստանի հավանական մեկնարկային կազմը. Արսեն Բեգլարյան, Հովհաննես Համբարձումյան, Գաել Անդոնյան, Տարոն Ոսկանյան, Լեւոն Հայրապետյան, Գոռ Մալաքյան, Դավիթ Մանոյան, Գեղամ Կադիմյան, Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիս, Էդգար Մանուչարյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում