09:20  ,  26 մայիսի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Ամբողջությամբ կենտրոնացած եմ Հայաստանի հավաքականի խաղերի վրա

ԱՄՆ ժամանած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը եւ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել են լրագրողների հետ։

Սկզում մարզիչն ու ֆուտբոլիստը շնորհակալություն են հայտնել ընկերական հանդիպումների կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ Գվատեմալայի ու Էլ Սալվադորի դեմ խաղերի ժամանակ ստադիոնը լեփ-լեցուն կլինի հանդիսականներով, այնուհետեւ լրագրողները հարցերն ուղղեցին Հենրիխ Մխիթարյանին, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Ձեր կարծիքը Գվատեմալայի հավաքականի մասին:

Ճիշտն ասած՝ դեռ չենք ուսումնասիրել մրցակիցներին, բայց գիտենք, որ բավականին ուժեղ թիմերի դեմ ենք խաղալու։ Մեզ համար լավ փորձ կլինի խաղալ լատինամերիկյան թիմերի դեմ։ Սա կարեւոր է մեզ համար, որովհետեւ, հնարավոր է, շատ փորձարկումներ լինեն։ Այդ պատճառով կփորձենք լավագույն կերպով ներկայանալ հանդիպումներին։

Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի՝ աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները:

Այնպիսի խմբում ենք հանդիպել, որ բարդ կլինի լուծել այդ խնդիրը։ Սակայն կարծում եմ՝ պետք է փորձենք առաջ շարժվել քայլ առ քայլ։ Պետք է հաշվի առնել, որ ունենք այնպիսի հավաքական, որը դեռ նոր է կազմավորվում։

Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնք նոր են սկսում իրենց խաղային կարիերան։

Առաջին հերթին կարող եմ ասել, որ ցանկացած մարդ պետք է պայքարի իր տեղը գտնելու համար։ Եթե փորձում ես ինչ-որ մի գործ անել, պետք է անես առավելագույնը։ Բոլորին խորհուրդ կտամ հավատալ իրենց ուժերին, կարողանալ սովորել և հաջողության հասնել։ Յուրաքանչյուրի հաջողությունը կախված է միմիայն իր աշխատանքից։

Ի՞նչ նորություններ կան Ձեր՝ այլ թիմ տեղափոխվելու կապակցությամբ

Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ Հայաստանի հավաքականի խաղերի վրա, որից հետո միայն կմտածեմ ակումբային գործերիս մասին։

Եվրոպական հավաքականներից ու ՞մ շանսերն եք ավելի բարձր գնահատում Եվրո-2016-ի ժամանակ։

Եթե ընտրելու լինեմ բոլոր հավաքականներից, կպատասխանեմ՝ Գերմանիա, Անգլիա եւ Ֆրանսիա։

Հնարավո՞ր է երբեւէ հանդես գաք Լոս Անջելեսում։

Շատ եմ մտածել այդ մասին։ Հնարավոր է՝ մի օր հանդես գամ այստեղ եւ վստահ եմ, որ մարզադաշտում կզգամ հայերի աջակցությունը։

Ի՞նչ պատգամ ունեք Լոս-Անջելեսի հայությանը շաբաթ օրը կայանալիք խաղի համար։

Մեզ համար շատ կարեւոր է եւ հաճելի գտնվել այստեղ։ Առավել կարեւորում եմ այն փաստը, որ հանդիպումները լինելու են բարեգործական բնույթի, իսկ հասույթը տրամադրվելու է զանազան հիվանդություններ ունեցող եւ անօթեւան երեխաների հիմնադրամին Հայաստանում։ Վստահ եմ, որ մեր երկրպագուները կգան մարզադաշտ, իսկ մենք էլ կփորձենք նրանց ուրախացնել մեր լավ խաղով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում