12:05  ,  25 մայիսի, 2016

Լեւոն Ջուլֆալակյան. Ուժեղը պետք է հաղթահարի ժողովրդի սպասելիքները արդարացնելու հոգեբանական ճնշումը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 10-24-ը նախաօլիմպիական ուսումնամարզական հավաք անցկացրեց Ծաղկաձորի մարզաբազայում։ Ծաղկաձորյան հավաքին մասնակցեցին նաեւ Բուլղարիայի, Ալժիրի եւ Վենեսուելայի հավաքականները։ Բուլղարիայի թիմը Հայաստանում ուսումնամարզական հավաք անցկացրեց հավաքականի գլխավոր մարզիչ, եռակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի գլխավորությամբ։ 

NEWS.am Sport-ի թղթակիցը հետեւեց վերջին մարզմանը, ապա զրուցեց հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի հետ։

Պարոն Ջուլֆալակյան, որպես հավաքականի գլխավոր մարզիչ Ռիո-2016-ը Ձեր 6-րդ Օլիմպիական խաղերն է՝ սկսած Ատլանտա-1996-ից. 6 օլիմպիական շրջափուլ, նոր մարզիկներ, նոր օլիմպիական թիմեր, նոր սպասելիքներ, հիասթափություններ... Այս տեմպից չեք հոգնո՞ւմ։

Ես ըմբշամարտը սիրել եմ փոքր հասակից, այս մարզաձեւն ինձ գրավել է իր ամեն ինչով, սիրով եմ զբաղվել, մարզել, որպես մարզիկ շատ եմ սիրել այս մարզաձեւը եւ սպորտն առհասարակ։ Անցել եմ երկար ու բարդ ճանապարհ որպես մարզիկ եւ, իսկապես, առանց այս մարզաձեւի կյանքս արժեք չի ունեցել։ Այդ բարդ ճանապարհն է ինձ բերել մարզչական գործունեության, այժմ այդ նույն ճանապարհով անցնում եմ արդեն իմ սաների հետ։ Բնական է, որ երբեմն հոգնում ես, ժամանակ ես վերցնում, վերականգնվում ես, հետո կարոտը նորից կանչում է, դու ինքդ էլ զգում ես, որ կարոտում ես մարզաձեւը, գորգը, մարզումները, մրցումները։ Մենք անընդհատ ծանրաբեռնված աշխատանքի մեջ ենք եւ անհնար է խուսափել հոգնելուց։ Բայց սպորտը սիրող մարդը չի կարող երկար առանց սպորտ ապրել։ Սա կյանք է, ապրելակերպ եւ դառնում է ուղղակի պահանջմունք։

Երկար տարիներ Հայաստանին չի հաջողվում բաղձալի օլիմպիական ոսկե մեդալը նվաճել։ Դուք երկար ժամանակ աշխատում եք տարբեր օլիմպիական թիմերի հետ։ Զարգացման ի՞նչ աճ ունի հայկական ըմբշամարտը, ի՞նչ հնարավորություններ ունի հունահռոմեականների այս օլիմպիական թիմը Ռիո-2016-ում։

1996-ի Ատլանտայի Օլիմպիական խաղերում ես աշխատում էի օլիմպիական թիմի հետ եւ  ի դեմս Արմեն Նազարյանի նվաճեցինք օլիմպիական ոսկե մեդալը։ Դրանից հետո մեզ չի հաջողվել օլիմպիական ոսկե մեդալ նվաճել։ Հուսանք այս Խաղերում հաջողությունը մեզ կժպտա։ Հույսերը մեծ են, հավատը՝ եւս։ Համեմատած նախորդ տարիների օլիմպիական թիմերի, այս տարվա մեր թիմն ավելի փորձառու է, վստահություն կա, իրենց անցած ճանապարհն արդեն բավական է վստահություն ունենալու համար։ Օրինակ՝ Լոնդոն-2012-ում աշխարհի չեմպիոններ չունեինք, ճիշտ է շատ մեդալներ ունեինք՝ Եվրոպայի, աշխարհի մրցանակակիրներ, բայց դեռ աշխարհի չեմպիոնի տիտղոսը չէինք նվաճել։ Այս օլիմպիական թիմում մենք ունենք աշխարհի երկու չեմպիոն, մեր մյուս ըմբիշները նվաճել են օլիմպիական ցիկլի գլխավոր մարզական իրադարձությունների մեդալները։ Մնում է միայն, որ մարզական հաջողությունը տղաների հետ լինի, լավ մարզավիճակով դուրս գան մրցագորգ, մնացածն արդեն գորգը ցույց կտա։

Նախորդ երկու շաբաթների ընթացքում մի քանի հավաքականների հետ համատեղ հավաք անցկացրեցիք Ծաղկաձորում։ Ինչի՞ն էր ուղղված այս հավաքը։

Սա նախաօլիմպիական մեր առաջին հավաքն է, նպատակը՝ հատուկ ֆիզիկական եւ ընդհանուր ֆունկցիոնալ պատրաստվածությունն է, որը հիմք կանդիսանա արդեն կոնկրետ օլիմպիական մրցումային մարզումներ անցկացնելու համար։ Հատուկ մշակված ծրագրով պետք է աշխատենք՝ գորգային, տեխնիկայի, արագության վրա։ Այս պահին մեր մարզիկները լավ մարզավիճակ չունեն դեռեւս։  Ծաղկաձորյան հավաքից հետո՝ մայիսի 25-ին, հավաքականը կմեկնի Իտալիա՝ մասնակցելու միջազգային մրցաշարի՝ մարզիկներին մրցումային լավագույն մարզավիճակին հասցնելու նպատակով։ Բնական է, որ այսօր մեր տղաները լավ մարզավիճակ չունեն, քանի որ օլիմպիական վարկանիշային մրցաշարերից առաջ ծանրաբեռնված մարզումային փուլ էին անցել եւ մրցաշարերից հետո ֆիզիկապես ուղղակի չեն կարող լավ մարզավիճակը պահպանել։ Մրցումային փուլ թիմը պետք է պարտադիր անցնի։ Իտալիայում կայանալիք մրցաշարից հետո կմեկնարկի մեր արտագնա հավաքների փուլը։ Առաջին հավաքը կանցկացնենք Ղրիմում, ապա կմեկնենք Բելառուս։ Վերջին հավաքը կանցկացնենք Երեւանում, որպեսզի Երեւանից հերթականությամբ ըստ քաշային կարգերի մեկնենք Ռիո։ Առաջին մարզիկի հետ ես կմեկնեմ Ռիո եւ, ապա, օգոստոսի 11, 12 եւ 13-ին մյուս օլիմպիականները կժամանեն։

Չորս օլիմպիականների համար հատուկ մարզումային ծրագրո՞վ եք աշխատելու։

Այսօր շեշտը դրված է մեր չորս օլիմպիականների վրա, ովքեր նվաճել են օլիմպիական ուղեգրեր, բայց նրանց հետ նաեւ մարզումային փուլ են անցնում յուրաքանչյուր քաշային կարգում մեր օլիմպիականներին օգնող եւ փոխարինող ըմբիշները։ Աստված չանի, մեր մարզիկներից որեւէ մեկը վնասվածք ստանա, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչին, մարզիկները պետք է ունենան գերազանզ մարզավիճակ եւ պատրաստ լինեն ամեն պահին Օլիմպիական խաղեր մեկնել։ Առջեւում շատ բարդ ու ամենակարեւոր ստուգատեսն է, պետք է մտածենք եւ անենք անհնարինը՝ լավագույնս Օլիմպիական խաղերում ներկայանալու համար։

Ռիո-2016-ում ո՞ր երկրներին եք հիմնական մրցակից համարում։

Չեմ ցանկանում այժմ անուններ, երկրներ, թիմեր նշել։ Օլիմպիական խաղերում միշտ մի քանի պատահական մարզիկներ մասնակցում են։ Այնպես են բաշխված վարկանիշային մրցաշարերը, որ բոլոր քաշային կարգերում  3-4 պատահական մարզիկներ հայտնվում են մայրցամաքային առաջնություններից։ Սա զուտ աշխարհագրական դիրք պահելու համար է՝ նպատակ ունենալով պահպանել կարգախոսը. «Օլիմպիական խաղերում կարեւոր է մասնակցությունը»։ Մենք մեկնում ենք Օլիմպիական խաղեր մեդալ նվաճելու նպատակով։

Ռիո-2016-ում հունահռոմեականները Հայաստանի ամենամեծ հույսն են։ Այս ակնկալիքները, ժողովրդի հույսը պարտավորեցնող, ճնշող չէ՞։

Սա հենց մեծ սպորտն է, սա է մեծ սպորտի դժվարությունը, բարդությունը։ Սրանով են մեծ սպորտում տարբերվում ուժեղները, միջակներն ու թույլերը։ Ուժեղը պետք է իր մեջ գտնի ուժ, որ ժողովրդի սպասելիքները, այդ սպասելիքները արդարացնելու հոգեբանական ճնշումը հաղթահարի, պարտավորության զգացումից չճնշվի։ Այլապես շատ դժվար է մեծ սպորտում հասնել մեծ արդյունքների։

Սա Արսեն Ջուլֆալակյանի երկրորդ Օլիմպիական խաղերն են։ Արսենին հայրական աչքերո՞վ եք նայում գորգի վրա, թե՞ որպես մարզիկի։

Արսեն Ջուլֆալակյանը միշտ էլ մնում է՝ ինձ որդի... Չեմ կարող փոխել այդ իրականությունը (ծիծաղում է):  Բոլորն էլ ինձ համար մարզիկներ են գորգի վրա։ Մարզումների ընթացքում որդիներիս նայում եմ մարզիչի աչքերով, մի կողմ եմ դնում հայրական զգացմունքներս, բոլորին նայում եմ նույն աչքերով, որպեսզի ճիշտ մարզվեն, ճիշտ խորհուրդներ ստանան։ Նույնը նաեւ մրցումների ընթացքում է։ Ցանկացած մարզիկի հաղթանակ՝ իմ հաղթանակն է, յուրաքանչյուրի հաղթանակով ուրախանում եմ նույնչափ։ Ինչ մնում է հայր-որդի հարաբերություններին, միակ տարբերությունն այն է, որ գուցե իմ որդիների հաղթանակով կրկնակի-եռակի ուրախանամ մեջս։ Ով էլ ինչ ասի՝ արյունը մնում է արյուն։

Եվ ամենակարեւոր հարցը՝ ինչպե՞ս եք պատրաստվում Ռիոյում պայքարել մրցավարական կողմնակալության դեմ, որոնց մեր ըմբիշները հաճախ բախվում են եզրափակիչների ժամանակ

Մրցավարական կողմապահության դեմ պայքարելու միջոցներ գրեթե չկան։ Միակ միջոցն այն է, որ մարզիկները հաղթեն նաեւ գորգի մրցավարներին, կամ՝ մենք ունենանք լավ լծակներ, ազդակներ միջազգային ֆեդերացիայում։ Ցավոք, Օլիմպիական խաղերում մրցավար չենք ունենալու, սակայն հնարավորություն ունեինք։ Մեզ առաջարկվեց միջազգային ֆեդերացիայի կողմից Հայաստանից մեկ մրցավարի տեղ Ռիո-2016-ում։ Ես անմիջապես մտածեցի հավաքականի մարզիչ, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ եւ հայր Գեւորգ Ալեքսանյանի մասին, բայց նա չցանկացավ։ Պարոն Ալեքսանյանը նախընտրեց Օլիմպիական խաղերի ժամանակ լինել իր որդու կողքին թե որպես հայր, թե որպես մարզիչ։ Եթե նա լիներ գորգի մրցավար, իրավունք չէր ունենա մարզիկի հետ անմիջական կապի մեջ մտնել։ Ռիո-2016-ում մրցավար ունենալու մասին ասացի նաեւ մեր ֆեդերացիայում, բայց ուշացրեցինք քննարկումները։ Գեւորգ Ալեքսանյանի անձնական ցանկությունն էր լինել Արթուրի կողքին եւ դա նրա ընտրությունն է։

(Լեւոն Ջուլֆալակյանի հետ զրույցին միացավ նաեւ Գեւորգ Ալեքսանյանը եւ մանրամասնեց, թե ինչու է անհնար ըմբշամարտում զերծ մնալ մրցավարական կողմնապահությունից):

Գեւորգ Ալեքսանյան.

Ըմշամարտում այսօր մրցավարական կողմնապահություն անելը շատ հեշտ գործընթաց է՝ ասես խաղուպար լինի։ Եթե մրցավարը ցանկացավ անարդար դատել որեւէ ըմբիշի, նա սկսում է բառացիորեն նյարդայնացնել այդ ըմբիշին։ Հենց գոտեմարտի առաջին վայրկյաններից մրցավարը նկատողություն է սկսում տալ ձեռքի բռնցվածքի համար, մատերի համար՝ no fingers, no fingers (այդ ընթացքում Լեւոն Ջուլֆալակյանն ու Գեւորգ Ալեքսանյանը ցուցադրում են բռնվածքը,- Լ.Շ.):  Այս նկատողությանը հաջորդում է՝ no block, no block նկատողությունը, այն պարագայում, երբ բռնցվածք անող ըմբիշն ինքն է վարում գոտեմարտը, ինքն է լիդերը, շատ ակտիվ է, փորձում է միավոր վերցնել։ Ապա տալիս են 2 attention՝ ուշադրություն եւ միավորը տալիս մրցակցին։ Սա միտումնավոր արվող քայլ է, միտումնավոր նկատողություններ են, որոնք մարզիկին հանում են ինքնատիրապետումից։

Եթե մրցագորգում հավասար մարզիկներ են՝ հայ եւ ռուս, ինչպես լինում է Արսեն Ջուլֆալակյանի կամ Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերի ժամանակ, միշտ առաջինը պարտեր նստեցնում է հայ ըմբիշին։ Երբեք չեք տեսնի, որ առաջինը պարտեր նստեցնեն ռուս ըմբիշին։ Սրանք հատուկ մտածված քայլեր են, մրցավարական անարդարություններ, որոնց դեմ առնել ուղղակի հնարավոր չէ։ Չկա մի հանձնաժողով, որ հսկի այս ոլորտը։ Գորգի մրցավարի իրավունքն է՝ նկատողություն տալ, չտալ։ Եթե մրցավարը ցանկացավ, հաղթանակը իր նախընտրած մարզիկին տալը, դրանից հեշտ բան նրա համար աշխարհում չկա։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով