17:53  ,  29 հունիսի, 2012

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը Լոնդոնում կհետեւեն Օլիմպիական խաղերին

Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեկնարկի օրը հայ մարզիկներին կողջունի նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կլինի Լոնդոնում եւ կհետեւի հայ մարզիկների ելույթներին։

Այսօր հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտնեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հանձնակատար Դերենիկ Գաբրիելյանը:

Հայաստանը Լոնդոնում կներկայանա 50-ից ավելի անդամ պարունակող պատվիրակությամբ: Սակայն սա բավական քիչ քանակ է, մյուս երկրների համեմատ: Դ. Գաբրիելյանը դա պայմանավորում է ուղեգրերի քիչ քանակով: Նա գտնում է, որ ուղեգրերի քանակը պետք է լիներ 30-ը:

«Այս տարի առաջընթաց ունենք, դա միանշանակ է: Եթե  Պեկինի Օլիմպիական խաղերին մենք ներկայացել ենք ութ մարզաձեւում, ապա այս տարի մեր մասնակցության մարզաձեւերի քանակը երկուսով ավելացել է: Դրանք են մարմնամարզությունը եւ առաջին անգամ Հայաստանից օլիմպիական ուղեգիր ձեռք բերած թաեքվանդոն: Սա ուրախացնող է եւ հուսադրող։

Ես հուլիսի 17-ից եմ լինելու Լոնդոնում, որպեսզի պատշաճ կարգով այնտեղ ընդունենք մեր պատվիրակությանը: Նշեմ, որ մեկ ինքնաթիռով չենք մեկնելու: Ավագ եւ գլխավոր մարզիչների հետ որոշել ենք կազմակերպել այնպես, որ իրենց հարմար ժամկետներում մեր մարզիկները մտնեն օլիմպիական ավան, մասնակցեց խաղերին եւ ավարտելուն պես վերադառնան Հայաստան: Այսինքն` բոլորը մեկ օրում չեն վերադառնալու:
Խաղերի մեկնարկի օրը հայ մարզիկներին կողջունի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ՀԱՕԿ նախագահի հետ կլինի Լոնդոնում եւ կհետեւի մեր մարզիկների ելույթներին»,- ասաց Դ. Գաբրիելյանը:

Հայաստանը տասը մարզաձեւերում կունենա 25 մարզիկ։ Առաջինը հայ մարզիկներից ասպարեզ դուրս կգա հրաձիգ Նորայր Բախտամյանը.

«Նորայրը մեր ամենաավագ մարզիկն է այս Օլիմպիական խաղերում` 41 տարեկան: Նա այսօրվա դրությամբ դրսի մասնագետներից լավագույն մարզիկներից մեկն է, բայց չգիտես ինչու, ամեն անգամ բախտը նրան չի ժպտում: Պեկինում հույս ունեինք, որ նրան բախտը կժտպա առաջինը, բայց նրա հոգեբանական վիճակը թույլ չտվեց, որպեսզի մեդալի հավակնի: Նա կրակագիծ դուրս կգա հուլիսի 28-ին: Այս անգամ նա լուրջ նախապատրաստվել է եւ կարծում եմ, այսինքն սպասում ենք, որ բախտը Նորայր Բախտամյանին կժպտա»:

Անդրադառնալով մյուս մարզաձեւերին, Դ. Գաբրիելյանը մանրամասնեց:

«Թաեքվանդոյում կներկայացնի Արման Երեմյանը: Նա անցյալ տարի դարձավ Եվրոպայի չեմպիոն եւ զուգահեռ ձեռք բերեց վարկանիշ: Այսօր ուսումնամարզական հավաքի է:

Մարմնամարզությունում Հայաստանը կներկայացնի Արթուր Դավթյանը: Նա աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում կարողացավ մեզ բոլորիս հուսադրել` իր բարձր արդյունքներով: Մեդալներ չի ունեցել, բայց կարեւորն այն է, որ վարկանիշ է ձեռք բերել եւ մեկնում է Լոնդոն:

Աթլետիկայից այս տարի ունենք չորս մարզիկ: Այս թիվն իսկապես ուրախացնող է: Եթե ամեն անգամ մեր աթլետները մասնակցում էին սպիտակ քարտի իրավունքով, այս անգամ իրենք ձեռք են բերել այդ վարկանիշը: Սա ֆեդերացիայի լուրջ աշխատանքն է: Այն ղեկավարում է անվանի մարզիկ Ռոբերտ Էմիյանը: Նրա շնորհիվ են այսօր նիզականետորդներ Մելիք Ջանոյանն ու Քրիստինե Հարությունյանը, հեռացատկորդներ Արսեն Սարգսյանը եւ Վարդան Փահլեւանյանը հասել բարձր մակարդակի: Անկեղծ ասեմ, որ այս մարզաձեւից սպասելիքներն այդքան էլ բարձր չեն: Եթե կարողանան հեռացատկում ցույց տալ 8,20 մետր արդյունք, ինչպես վարկանիշ ձեռք բերելուց ցույց տվեցին, ապա դա արդեն մեզ մեդալի հույս կտա:

Մեծ սպասելիք ունենք հունահռոմեական ըմբշամարտում: Այս մարզաձեւից մասնակցելու է չորս մարզիկ: Յուրի Պատրիկեեւն է մեր հույսը, Արսեն Ջուլֆալակյանն ու Հովհաննես Վարդանյանը, որոնք լուրջ մրցակիցներ են այս մարզաձեւում:

Թիմում իր յուրահատուկ տեղը զբաղեցրեց Արթուր Ալեքսանյանը, ով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հուսանք նա իր խոսքը կասի նաեւ Օլիմպիական խաղերում:

Ցավում եմ, որ օլիմպիականների շարքում չի Ռոման Ամոյանը: Ինձ եւ բոլորիս հուզում է այս հարցը: Ամոյանը լինելով աշխարհում եւ Եվրոպայում լավագույն մարզիկներից մեկը, այսօր չկարողացավ ձեռք բերել վարկանիշ: Պատճառները տարբեր են, որոնց մենք կանդրադառնանք հետագայում, Օլիմպիական խաղերից հետո: Միայն այն, որ Ռոմանի պես մարզիկը չկարողացավ վարկանիշ ձեռք բերել, դա խոսում է այն մասին, թե որքան դժվար եւ լարված է եղել օլիմպիական վարկանիշ ձեռք բերելն այս մարզաձեւում: Բոլորիս համար էլ ցավալի է: Մի փոքր էլ իր խելքից էր, որ ձեռք չբերեց: Չենք կարող առանց վերլուծելու նրան քնադատել:

Ազատ ոճում  ուղեգիր են ձեռք բերել Միհրան Ջաբուրյանը, Դավիթ Սաֆարյանը, Գաջիմուրադ Նուրմագոմեդովը: Այս երեք մարզիկները մեզ խոստացել են մեդալներ:

Ինչ վերաբերում է ծանրամարտին, ապա այս մարզաձեւը վերջին տարիներին բավականին հաջողություններ է գրանցել: Այսօր իրենց մոտ, ի տարբերություն մյուս ձեւերի վարկանիշ ձեռք բերելը թիմային պայքարում է եղել: Վեց մարզիկներից` Տիգրան Մարտիրոսյան, Առաքել Միրզոյան,  Ռուբեն Ալեքսանյան,  Նորայր Վարդանյան, Արայիկ Միրզոյան եւ Արա Խաչատրյանից ընտրվելու են չորսը։ Կանանց թիմը երկու ուղեգիր ունի` Մելինե Դալուզյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը: Տղամարդկանց թիմում սուր պայքար է առաջացել այդ չորս տեղերի համար:

Մարմնամարզությունում  Արթուր Դավթյանն է մեր պատվիրակը: Նրանից էլ ակնկալիքներ ունենք:

Պեկինի Օլիմպիական խաղերում ձյուդոյում մասնակցում էին երկու մարզիկներ: Այս տարի  եւս երկուսն են` Հովհաննես Դավթյանը եւ Արմեն Նազարյանը: Պեկինի Օլիմպիական խաղերում մեր ձյուդոյիստները հանդես եկան ոչ բավարար: Նրանցից ավելին էինք սպասում: Այս անգամ կարծում եմ մեզ հուսախաբ չեն անի եւ կարդարացնեն մեր սպասելիքները:
Իսկ վերջին մարզաձեւը լողն է, որում Հայաստանը ներկայանում երկու ուժեղագույն լողորդներով` Անահիտ Բարսեղյան եւ Միքայել Քոլոյան: Նրանց շուրջ պտտվող խոսակցություններն ապարդյուն են, քանի որ նրանց անուններն արդեն որոշված են»,- ներկայացրեց Դ. Գաբրիելյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով