12:07  ,  24 մայիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է աշխատել Թոմաս Տուխելի հետ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս պահին չի ծրագրում հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից», թեեւ նրա ծառայություններով հետաքրքրված են եվրոպական առաջատար ակումբներ:

WDR 2-ը գրում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է մնալ Դորտմունդում, բայց մեկ պայմանով: Եթե Մխիթարյանը կնքի նոր պայմանագիր, նա ցանկանում է դրանում նշել մի կետ, որ Թոմաս Տուխելի՝ «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու դեպքում ինքն էլ կարող է լքել ակումբը կլաուզուլայի (տրանսֆերի նվազագույն արժեքը, որին համապատասխան առաջարկ ստանալիս ակումբը պարտավոր է վաճառել ֆուտբոլիստին) վճարման դիմաց:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը: Գերմանիայի ավարտված առաջնությունում Հենրիխը մասնակցել է 31 խաղի եւ դարձել 11 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում հայ կիսապաշտպանը բազմիցս նշել է, որ Թոմաս Տուխելի ավանդը մեծ է նրա արդյունավետ խաղի գործում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս