00:51  ,  24 մայիսի, 2016

Լուի վան Գալը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հրաժարականի մասին: Նոր մարզիչի նշանակման հայտարարություն դեռ չկա:

«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը շնորհակալություն է հայտնել Վան Գալին եւ նրա մարզչական շտաբին երկու տարվա գերազանց աշխատանքի եւ Անգլիայի գավաթը (12-րդ) նվաճելու համար:

«Նա արժանապատվորեն եւ պրոֆեսիոնալիզմով է աչքի ընկել մեր ակումբում անցկացրած երկու տարիների ընթացքում: Վան Գալը մեզ թողնում է մի քանի երիտասարդ խաղացողների, որոնք կարող են պայքարել տիտղոսների համար»,- ասել է Վուդվորդը:

Վան Գալը եւս շնորհակալություն է հայտնել երկու տարվա համագործակցության համար: Հոլանդացի մասնագետը նաեւ հատուկ շնորհակալություն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդներ Բոբի Չարլտոնին եւ Ալեքս Ֆերգյուսոնին հյուրընկալության համար: Նա նաեւ ափսոսանք է արտահայտել, որ չի կարողացել ավարտել երեք տարվա ծրագիրը: Վան Գալի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը:

Սպասվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնը կզբաղեցնի «Պորտուի», Մադրիդի «Ռեալի», Միլանի «Ինտերի» եւ Լոնդոնի «Չելսիի» նախկին մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում