18:24  ,  12 մայիսի, 2016

Արթուր Աբրահամը ռինգ կվերադառնա հուլիսին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (44 հաղթանակ (29 նոկաուտով), 5 պարտություն)  ռինգ կվերադառնա հուլիսի 16-ին Բեռլինում։ Դա կլինի հայ բռնցքամարտիկի առաջին մենամարտը Լաս Վեգասում մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսից կրած պարտությունից հետո։

«Ես պատրաստ չեմ հրաժեշտ տալ սպորտին, որը շատ եմ սիրում։ Ռամիրեսի դեմ մենամարտը չընթացավ նախատեսվածով, բայց ես խոստանում եմ, որ դա չի կրկնվի։ Ես կցուցադրեմ, որ կարող եմ ավելի լավ մենամարտել եւ դարձյալ դառնալ աշխարհի չեմպիոն։ Դա է իմ մեծագույն ցանկությունը»,- Աբրահամի խոսքը մեջբերում է «Զաուերլանդ» պրոմոուտերական ընկերության պաշտոնական կայքը։ 

Աբրահամը կշարունակի աշխատել 73-ամյա մարզիչ Ուլի Վեգների հետ։ Աբրահամի մրցակիցը դեռ հայտնի չէ։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Լաս Վեգասում կայացած մենամարտում 36-ամյա Աբրահամը մրցավարների միաձայն որոշմամբ (108:120, 108:120, 108:120) պարտվել էր Ռամիրեսին, որը պարտություն չունի պրոֆեսիոնալ ռինգում (34 հաղթանակ): Հայ բռնցքամարտիկն անցկացրեց կարիերայի 49-րդ մենամարտը եւ կրեց 5-րդ պարտությունը (44 հաղթանակ): 24-ամյա Ռամիրեսը դարձավ սուպերմիջին քաշային կարգում առաջին մեքսիկացի չեմպիոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում