17:50  ,  6 մայիսի, 2016

Արթուր Գորոյան. Մեծ հպարտություն է ներկայացնել Հայաստանը (ֆոտո)

Շատ կուզեի, որ Հայաստանում էլ անցկացվեին բարձրակարգ ավտոարշավներ, իսկապես շատ հետաքրքիր կլիներ: Մեծ հպարտություն է, որ ներկայացնում եմ Հայաստանը, միայն ափսոսում եմ, որ հովանավորներ եւ ֆինանսավորողներ չկան, որ մեր երկրում էլ նման մեծ ավտոարշավներ անցկացվեն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց B կատեգորիայի միջազգային արտոնագիր ունեցող, Հայաստանը ներկայացնող մոսկվայաբնակ ավտոարշավորդ Արթուր Գորոյանը, ով օրերս Գերմանիայում կայացած VLN օղակաձեւ մրցարշավների գերմանական ազգային առաջնության 2016-մրցաշրջանի երկրորդ մրցափուլի՝ DMV 4-Stunden-Rennen 4-ժամյա ավտոարշավում զբաղեցրել է երկրորդ տեղը: 

Ավտոարշավը կայացել է գերմանական «Նյուրբուրգռինգ» մրցուղում։ Հայաստանը ներկայացնող ավտոարշավորդը մասնակցել է Audi-ի գործարանային թիմի կազմում SP3T դասում: Նշենք, որ ավտոարշավի հիմնական փուլից առաջ կայացել է որակավորման փուլը, որտեղ ARM 001 արտոնագրով հանդես եկող Արթուր Գորոյանը իր Audi TT-ն 3-րդ տեղն է գրավել:

«Շատ բարդ մրցապայքար էր, մրցուղին բավական բարդ էր կառուցված: «Նյուրբուրգռինգ» մրցուղին շատ հայտնի է, այստեղ մինչեւ 2013 թվականը անցկացվել են F1-ի մրցարշավներ: Մասնակցեցինք Audi-ի ավտոմեքենաներով: 

Առաջին կես ժամը շատ բարդ հաղթահարեցինք: Թվում էր, թե այլեւս ոչինչ հետ բերել հնարավոր չէ, դուրս էինք մնացել պայքարից մեքենաների խցանումից: Բոլորից հետ էինք ընկել: Մրցուղի դուրս եկանք 9-րդը, սակայն հետագա 3 ու կես ժամվա ընթացքում բոլորին շրջանցեցինք եւ 2-րդը հասանք մրցուղու վերջը: Սա իսկապես մեծ հաղթանակ էր, մեր թիմի մարզիչ՝ Սերգեյ Բալդինի աշխատանքի արդյունքը: Ամեն ինչ հրաշալի էր, միայն ափսոս, չկարողացանք առաջին տեղը զբաղեցնել:

Մեկ շաբաթից կրկին կմեկնեմ Գերմանիա: Նույն մրցուղում կայանալու է ADAC ACAS H&R-Cup-ի VLN-ի երրորդ փուլը: Այս մրցարշավին կմասնակցեմ կրկին Audi TT մեքենայով այս անգամ՝ LMS Engeneering Team-ի կազմում :

Իսկ մայիսի 26-29-ը նույն այս մրցուղում կմասնակցեմ ADAC Zurich 24h Rennen մրցարշավին՝ «Նյուրբուրգռինգի» 24-ժամյա ավտոարշավին: Այս անգամ առաջին տեղը զբաղեցնելու նպատակ ունենք եւ հույս ունենք, որ կկարողանանք առաջին տեղում լինել»,- ասաց Արթուր Գորոյանը:

Ավտոարշավորդը ծնունդով Ջավախքից է, մինչեւ 9 տարեկան ապրել է Ջավախքում, ապա ընտանիքով տեղափոխվել Կրասնոդար՝ Արմավիր քաղաք, իսկ այնտեղից՝ Մոսկվա, հիմնական բնակության: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում