14:44  ,  6 մայիսի, 2016

Գվարդիոլան մեղադրել է «Բավարիայի» բժիշկներին

Մյունխենի «Բավարիայի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դժգոհ է գերմանական ակումբի բժշկական ծառայության աշխատանքից, հաղորդում է Bild-ը։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղից հետո Գվարդիոլան հանդերձարանում բժիշկներին կշտամբել է, թե «Գոդինին «Աթլետիկոյում» կարողացել են կարճ ժամանակում վերականգնել, իսկ իրենց չի հաջողվում»։ Բժիշկներից մեկը պատասխանել է, որ հնարավոր ամեն ինչ արվում է, եւ միայն Ռոբենն ու Բադշտուբերը դեռ ապաքինված չեն։

Կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի միջամտությունն է կանխել հետագա վիճաբանությունը։

Հիշեցնենք, որ «Բավարիան» տանը 2։1 հաշվով հաղթեց իսպանական թիմին, սակայն երկու հանդիպումների արդյունքում դուրս մնաց պայքարից։ Գվարդիոլան ամռանը կգլխավորի անգլիական «Մանչեսթեր Սիթին», իսկ գերմանական ակումբ կգա Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Կարլո Անչելոտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում