22:47  ,  5 մայիսի, 2016

Ռանյերի. Չէի հավատում, որ կհաղթենք Անգլիայի առաջնությունում

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթերի» իտալացի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին ընթացիկ առաջնության նախավերջին տուրում «Էվերտոնի» դեմ հանդիպման նախախաղային ասուլիսում մեկնաբանել է հաղթական մրցաշրջանը:

«Ես վայելում եմ այս մրցաշրջանը: Հենց սկզբից առանձնահատուկ զգացում ունեի, բայց իհարկե, երբեք չէի հավատում, որ կհաղթենք Անգլիայի առաջնությունում: Այս հաղթանակի համար բոլորը շատ աշխատել են: Այս մրցաշրջանը գերազանց թեստ էր նաեւ ինձ համար:

Մեր չեմպիոնության պատվին իտալացի օպերային երգիչ Անդրեա Բոչելիի ելույթը «Էվերտոնի» դեմ տնային խաղից առաջ իմ եւ նրա նախաձեռնությունն է: Մեկ ամիս առաջ Անդրեան զանգեց ինձ եւ իր ուրախությունն արտահայտեց: Նա ցանկություն հայտնեց մի երգով հանդես գալ մեր ստադիոնում: Ես այդ նախաձեռնության մասին հայտնեցի ակումբի ղեկավարությանը, եւ նրանք ամեն ինչ կազմակերպեցին:

Այս շաբաթ թիմը լավ մարզվել է, եւ մենք պատրաստ ենք «Էվերտոնի» դեմ կարեւոր հանդիպմանը»,- Ռանյերիի խոսքը մեջբերում է «Լեսթերի» պաշտոնական կայքը:

Անգլիայի առաջնության 37-րդ տուրի «Լեսթեր» - «Էվերտոն» հանդիպումը տեղի կունենա մայիսի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում