17:42  ,  5 մայիսի, 2016

Կասիլյաս. «Ռեալն» արժանի էր եզրափակիչին

«Ռեալն» արժանի էր եզրափակիչին, Արքայական ակումբն ավելի լավ տեսք ուներ, քան «Մանչեսթեր Սիթին», ասել է Իսպանիայի հավաքականի եւ «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման (1:0) մասին:

«Պատասխան խաղում կար մտավախություն, որ «Մանչեսթեր Սիթին» կկարողանա մեկ գնդակ խփել եւ բարդացնել «Ռեալի» կյանքը, սակայն հյուրերը ոչինչ չստեղծեցին: «Ռեալն» ավելի լավ էր խաղում:

«Բավարիան» «Աթլետիկոյի» հետ խաղում լավ էր գործում: Կառանձնացնեի երկու դարպասապահների լավ խաղը: Օբլակը գերազանց մրցաշրջան է անցկացնում եւ ցանկանում եմ շնորհավորել «Աթլետիկոյին» եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ»,- «Ռեալի» նախկին դարպասապահի խոսքը մեջբերում է football-espana-ն:

Կասիլյասը նաեւ հերքել է լուրերը, թե ամռանը տեղափոխվելու է Մայամի՝ նշելով, որ եւս մեկ մրցաշրջան հանդես կգա Պորտուգալիայում:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Միլանում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդես կգան Մադրիդի «Աթլետիկոն» եւ «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում