00:38  ,  5 մայիսի, 2016

Չեմպիոնների լիգա. Մադրիդի «Ռեալը» եզրափակիչում է

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» հենց առաջին մրցաշրջանում նվաճեց Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդես գալու իրավունք:

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում Արքայական ակումբն ընդունեց անգլիական «Մանչեսթեր Սիթիին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Գեղեցիկ հարվածով աչքի ընկավ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը: Հետագայում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի արձանագրությամբ այն համարվեց Ֆերնանդոյի ինքնագոլ, թեեւ սկզբում գրանցվել էր Բեյլի հաշվին:

10-րդ րոպեին վնասվածքի պատճառով հարկադրաբար փոխարինվեց «Մանչեսթեր Սիթիի» առաջատարներից բելգիացի պաշտպան Վենսան Կոմպանին:

Առաջին խաղակեսի վերջնամասում խաղից դուրս վիճակի պատճառով չգրանցվեց Սերխիո Ռամոսի գոլը «Մանչեսթեր Սիթիի» դարպասը: Վերջին րոպեին էլ Ֆերնանդինյոյի հարվածից հետո «Ռեալին» գոլից փրկեց դարպասաձողը: 

Երկրորդ խաղակեսում երկրորդ անգամ կարող էր գնդակը հայտնվել հյուրերի դարպասում, սակայն անկյունայինի խաղարկումից եւ Բեյլի գլխով հարվածից հետո դարպասապահ Ջո Հարթին փրկեց դարպասաձողը: Նախավերջին րոպեին վտանգավոր հարված կատարեց «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի Սերխիո Ագուերոն՝ մի փոքր բարձր ստացվեց: 1:0 հաշիվը պահպանվեց մինչեւ եզրափակիչ սուլիչը:

Հիշեցնենք, որ Անգլիայում կայացած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը մայիսի 28-ին է: Միլանում կլինի 2014 թվականի եզրափակիչի կրկնությունը: Ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել Մադրիդի «Աթլետիկոն»՝ դուրս թողնելով Մյունխենի «Բավարիային»:

Երկու տարի առաջ Արքայական ակումբը իտալացի Կարլո Անչելոտիի գլխավորությամբ տիտղոսը նվաճել էր՝ հաղթելով 4:1 հաշվով: Այն ժամանակ Զիդանը Անչելոտիի օգնականն էր:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0

Ֆերնանդո, 20, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում