19:19  ,  4 մայիսի, 2016

Անչելոտի. Զիդանի թիմը շատ նմանություններ ունի իմ գլխավորած «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հույս է հայտնել, որ Արքայական ակումբը կհաղթահարի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգելքը եւ դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

«Համաձայն եմ, որ Զիդանի թիմը շատ նմանություններ ունի իմ ղեկավարած «Ռեալի» հետ: Նրանք բավական սենսացիոն շանս ունեն դարձյալ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Զիդանն ունի լավ խաղացողներ, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում փոխարինել իրար: Կարծում եմ՝ այս անգամ Բենզեմային դարձյալ կփոխարինի Խեսեն: Առաջիկա խաղում «Ռեալը» պետք է զգուշանա Ագուերոյից: Առաջին խաղում նրան զսպում էին Ռամոսն ու Պեպեն: Հույս ունեմ, որ այս անգամ էլ այդպես կլինի»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 2014-ին «Ռեալը» Անչելոտիի ղեկավարությամբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 4:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ 10-րդ անգամ նվաճեց գավաթը: Զիդանը Անչելոտիի օգնականն էր: Այս ամռանը Անչելոտին կգլխավորի Մյունխենի «Բավարիան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում