00:38  ,  4 մայիսի, 2016

Չեմպիոնների լիգա. «Բավարիան» դարձյալ չհաղթահարեց կիսաեզրափակիչի արգելքը

Մյունխենի «Բավարիան» երրորդ տարին անընդմեջ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում չկարողացավ հաղթահարել իսպանական ակումբի արգելքը: Այս տարի Գերմանիայի չեմպիոնի ճանապարհին կանգնեց Մադրիդի «Աթլետիկոն», որի հետ դիմակայության 2 խաղերի արդյունքում գրանցվեց 2:2 հաշիվը, բայց իսպանացիները պայքարը շարունակելու հնարավորություն ստացան մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ:

Մյունխենում կայացած պատասխան խաղում «Բավարիան» առավելության հասավ 2:1 հաշվով, որը հավասար էր պարտության: Մադրիդում անցկացված առաջին խաղում «Աթլետիկոն» հաղթել էր նվազագույն հաշվով:

Պատասխան հանդիպման հենց մեկնարկից դաշտի տերերն ունեին նկատելի առավելություն եւ խաղակեսի միջնամասում կորցրին 2 գոլային պահ: Հաշիվը բացվեց 31-րդ րոպեին: «Բավարիան» վտանգավոր դիրքում ստացավ տուգանային հարվածի իրավունք, որը վստահ իրացրեց Խաբի Ալոնսոն: Իսպանացի կիսապաշտպանի հարվածից հետո գնդակը դիպավ «Աթլետիկոյի» ուրուգվայցի պաշտպան Խոսե Խիմենեսի ոտքին եւ, փոխելով ուղղությանը, հայտնվեց դարպասում: Քիչ անց Խիմենեսը սեփական տուգանային հրապարակում նաեւ խախտեց կանոնները, սակայն «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը եւ թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսը եւս սկսվեց դաշտի տերերի գրոհների ներքո, բայց 54-րդ րոպեին նրանց պաշտպանությունը սխալվեց: «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը մեն-մենակ դուրս եկավ Մանուել Նոյերի դեմ եւ հավասարեցրեց հաշիվը: Բաց թողած գոլից հետո «Բավարիայի» ճնշումն արդեն այդքան մեծ չէր, իսկ գրոհները վտանգավոր չէին ստացվում: 74-րդ րոպեին լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին դարձյալ առաջ մղեց մյունխենցիներին, բայց ավելին անել չհաջողվեց: 84-րդ րոպեին «Աթլետիկոն» կարող էր խփել երկրորդ գոլը, եթե Ֆերնանդո Տորեսն անվրեպ իրացներ 11 մետրանոցը: Խաղի վերջնամասն անցավ «Աթլետիկոյի» դարպասի մոտ, «Բավարիայի» գրոհների ներքո ու լարված պայքարում, բայց հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց:

«Բավարիայում» վերջին մրցաշրջանն անցկացնող իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան գերմանական ակումբի հետ այդպես էլ տիտղոս չնվաճեց Չեմպիոնների լիգայում: 2014-ին «Բավարիային» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչից դուրս էր թողել Մադրիդի «Ռեալը», իսկ նախորդ տարի՝ «Բարսելոնան»:

«Աթլետիկոն» կրկնեց 2013/14թթ. մրցաշրջանի հաջողությունը եւ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Մադրիդի «Ռեալի» ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» միջեւ պատասխան խաղի հաղթողի հետ: Անգլիայում կայացած առաջին խաղում թիմերը գոլ չեն խփել:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Բավարիա» (Գերմանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 2:1 (առաջին խաղ՝ 0:1)

Խաբի Ալոնսո, 31, Ռոբերտ Լեւանդովսկի, 74 – Անտուան Գրիզման, 54

Չիրացված 11 մետրանոց՝ Թոմաս Մյուլեր, 34 («Բավարիա») – Ֆերնանդո Տորես, 84 («Աթլետիկո»)

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Խավի Մարտինես, Դավիդ Ալաբա, Խաբի Ալոնսո, Արտուրո Վիդալ, Ֆրանկ Ռիբերի, Դուգլաս Կոստա (Կինգսլի Կոման, 73), Թոմաս Մյուլեր, Ռոբերտ Լեւանդովսկի:

«Աթլետիկո». Յան Օբլակ, Խուանֆրան, Խոսե Խիմենես, Դիեգո Գոդին, Ֆիլիպե Լուիս, Գաբի, Աուգուստո Ֆերնանդես (Ֆերեյրա Կարասկո, 46), Սաուլ Նյիգես, Կոկե (Ստեֆան Սավիչ, 90+3), Անտուան Գրիզման (Տոմաս Տետի, 82), Ֆերնանդո Տորես:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում