13:42  ,  3 մայիսի, 2016

Հայաստանում Բրազիլիայի դեսպանը ցանկանում է, որ հայ ըմբիշները Ռիոյում նվաճեն միայն ոսկե մեդալներ (ֆոտո)

Հայաստանում Բրազիլիայի դեսպանը ցանկանում է, որ հայ մարզիկները, մասնավորապես ըմբիշները նվաճեն միայն օլիմպիական ոսկե մեդալներ: Այս մասին լրագրողների հետ հանդիմպանն ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Բրազիլիայի դեսպանը մեծ կարեւորություն է տալիս իր երկրում Օլիմպիական խաղերի կազմակերպմանն ու անցկացմանը:

«Բրազիլիայի համար մեծ պատիվ է հյուրընկալել Օլիմպիական խաղերը: Սա առաջին դեպքն է, որ Օլիմպիական խաղերը տեղի է ունենալու Հարավային Ամերիկայում: Մենք պատասխանատվություն ենք զգում: Ցանկանում ենք ցույց տալ եւ ապացուցել, որ աճել ենք այնքան, որ այսպիսի մեծամասշտաբ միջոցառում ենք հյուրընկալում: Մենք ունեցել եք կարեւոր հիմք Օլիմպիական խաղերը մեր երկրում հյուրընկալելու համար: Մարզական միջոցառումների առումով 2007 թվականից սկսած բազմաթիվ կարեւոր միջոցառումներ ենք կազմակերպել: Եվ հենց այնպես չենք ստացել այս հնարավորությունը անցկացնել Օլիմպիական Խաղեր. Բրազիլիան մի շարք շատ կարեւոր միջոցառումներ է կազմակերպել: Եվ այսօր հասել ենք այն կետին, որ Բրազիլիան պատրաստ է հյուրընկալել հազարավոր մարզասերների եւ մարզիկների իր երկնքի տակ:

Բրազիլիան մեծ ուրախություն է ստանում Օլիմպիական խաղերը հյուրընկալելուց եւ անցկացնելուց: Մենք այն երկիրն ենք, որ սիրում ենք երգել եւ ուրախանալ»,- ասաց դեսպան Մոնտեյրոն:

Օլիմպիական խաղերը 19 օրերի ընթացքում հսկելու է 85 հազար անվտանգության աշխատակից, քանի որ Ռիո դե Ժանեյրոյում մեծ է հանցագործությունների թիվը:

«Անվտանգության 47 հազար աշխատակից է հերթապահելու Օլիմպիական խաղերի օրերին: Նրանք քաղաքացիական ոստիկաններն են լինելու: Բացի այդ՝ 38 հազար ռազմական ոստիկաններ եւս կհսկեն Խաղերը: Ելնելով նախորդ Խաղերի փորձերից, անվտանգության ապահովումը ամենակարեւոր եւ ամենապատասխանատու գործն է նման մեծամասշտաբ միջոցառումները կազմակերպելու համար: Մենք չենք թացքնում, որ Ռիոյում կան վայրեր, թաղամասեր, որտեղ շատ են հանցագործությունները, խուլիգանությունները, կրիմինալը: Այդ օրերին նման թաղամասերը կհսկվեն: Ռիոյում կան աղքատ թաղամասեր, որտեղ մեծ է հանցագործությունների թիվը, մարդու կյանքին վտանգ սպառնացող երեւույթներ, թմրադեղերի վաճառք: Այս ամենն այժմ ուժեղ հսկողության տակ է, ահա թե ինչու ենք այսքան մեծաքանակ անվտանգություն կենտրոնացրել Օլիմպիական խաղերի վրա:

19 օրերի ընթացքում տեղի է ունենալու 42 մրցում: Ավելի քան 10 հազար 900 մարզիկներ են մասնակցելու այս ահռելի մարզական միջոցառմանը, 20 հազար 100 հավատարմագրված լրագրող է լուսաբանելու Խաղերը, ավելի քան 7 հազար ներկայացուցիչներ՝ ազգային օլիմպիական կոմիտեներից: Ըստ նախնական հաշվարկների՝ 5 միլիարդ մարդ կհետեւի Օլիմպիական խաղերին հեռուստատեսությամբ, համացանցով: Միջոցառումների առցանց հեռարձակումը կլինի ավելի քան 5 հազար 600 ժամ: Բրազիլիայի կառավարությունը Օլիմպիական խաղերը կազմակերպելու վրա ծախսել է 10 միլիարդ դոլար»,- պատմեց Հայաստանում Բրազիլիայի դեսպանը:

Մայիսի 3-ին օլիմպիական կրակը հասել է Բրազիլիա եւ սկսվելու է ջահի փոխանցավազքը:

«329 տարբեր քաղաքներով է անցնելու օլիմպիական կրակը եւ օգոստոսի 4-ին կհասնի Ռիո: Ֆուտբոլի ամրոց «Մարականայում» տեղի կունենա Օլիմպիական խաղերի բացման արարողությունը օգոստոսի 5-ին: Այժմ ընթանում է բացման արարողության կազմակերպման եւ բեմադրման աշխատանքը: Բրազիլիան ավելի պակաս հարուստ է, քան Անգլիան եւ ունի քիչ պատմություն, քան Չինաստանը, եւ այս տեսանկյունից մեզ համար մի փոքր դժվար է կազմակերպել ավելի լավ եւ հիշարժան բացման արարողություն, ինչպիսին էին Լոդնոն-2012-ը, կամ Պեկին-2008-ը: Փակագծերը չեմ բացի, բայց մենք ցույց ենք տալու Բրազիլիայի որակը, որ Բրազիլիան մի երկիր է, որտեղ ապրում են 70 տարբեր ազգերի մարդիկ, իսկ դա նշանակում է, թե որքան բազմազան է մեր երկրի մշակույթը: Մենք ցույց կտանք այն հանդուրժողականությունը, որ առկա է մեր երկրում՝ երբ միասին մի երկնքի տակ ապրում են տարբեր ազգերի, մշակույթի տեր մարդիկ: Շեշտը կդնենք նաեւ այն փաստի վրա, որ Բրազիլիան մեծ հյուրըկալությամբ ընդունում է նաեւ փախստականների»,- ասաց դեսպանը:

Զիկա վիրուսի պատճառովը Խաղերը խափանելու, մարզիկների հրաժարվելու մասին խոսակցությունները դեսպանը մեկնաբանեց.

«Երբ նման մասշտաբի միջոցառում է կազմակերպում, մանրամասն ուսումնասիրվում է յուրաքանչյուր խնդիր: Այդ թվում եւ Զիկա վիրուսն է ուսումնասիրվել: Այս վիրուսը Բրազիլիայից չէ տարածվել, այն հասել է մեր երկիր եւ ունեցել ենք վիրուսով վարակված մարդիկ: Դեռեւս որեւէ մարզիկ կամ երկիր չի հրաժարվել Օլիմպիական խաղերին մասնակցելուց Զիկա վիրուսի պատճառով: Այս պահին որպես այդպիսին Զիկա վիրուսի վտանգ չկա: Ոչ մի խնդիր չկա Խաղերը չեղարկելու, հետաձգելու կամ չկայանալու համար: 98 տոկոսով արդեն պատրաստ ենք Օլիմպիական խաղերին»:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Էմմա Ասատրյանի 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով