00:55  ,  3 մայիսի, 2016

«Չելսիի» խելահեղ պայքարը չեմպիոնություն պարգեւեց «Լեսթերին», «Տոտենհեմը» երկրորդն է (ուղիղ եթեր Լեսթերից)

«Լեսթերը» պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն: Իտալացի Կլաուդիո Ռանյերիի գլխավորած թիմը չեմպիոն դարձավ արդեն նախկին չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» խելահեղ պայքարի շնորհիվ:

Գուս Հիդինկի գլխավորած թիմը չեմպիոնական մրցավազքից դուրս թողեց Լոնդոնի «Տոտենհեմին»՝ լոնդոնյան դերբիում խաղալով ոչ ոքի՝ 2:2:

Հանդիպման ընթացքում «Չելսին» պարտվում էր 0:2 հաշվով, սակայն Գարի Կեյհիլի եւ Էդեն Ազարի գոլերի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, եւ առաջնության ավարտից երկու տուր առաջ «Տոտենհեմը» 7 միավոր է զիջում առաջատար «Լեսթերին» (77 միավոր), որի չեմպիոնության գործակիցն առաջնության մեկնարկից առաջ 5000 էր:

Ռանյերին էլ Հունաստանի հավաքականում ձախողվելուց հետո էր անցած ամռանը գլխավորել «Լեսթերը» եւ կարիերայի ընթացքում առաջին անգամ նվաճում է չեմպիոնական տիտղոս:

Խորհրդանշական է, որ վերջին տուրում նորընծա չեմպիոն «Լեսթերը» Լոնդոնում կհյուրընկալվի նախորդ չեմպիոն «Չելսիին»: Նախավերջին տուրում «Լեսթերը» տանը կընդունի «Էվերտոնին»:

Լեսթերում երկրպագուները դուրս են եկել փողոց եւ տոնում են պատմական հաղթանակը: BBC-ն, Bild-ը, Sky News-ը ուղիղ հեռարձակմամբ լուսաբանում են Լեսթերից:

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Չելսի» - «Տոտենհեմ»՝ 2:2

Գարի Կեյհիլ, 58, Էդեն Ազար, 83 - Հարի Քեյն, 35, Սոն Հյուն Մին, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում