20:17  ,  2 մայիսի, 2016

Դավիթ Խիթարյան. Հովհաննես Դավթյանը Հայաստանի 22-րդ օլիմպիականն է

Հովհաննես Դավթյանը Ռիո-2016-ի Հայաստանի 22-րդ օլիմպիականն է։ Մենք ունենք օլիմպիական ուղեգիր, բայց պաշտոնապես դա կհայտարարվի մայիսի 20-ից հետո։ Իսկ մինչ այդ՝ Հովհաննես Դավթյանը սկսում է Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլը։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը։

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը կլինի Ռիո-2016 Օլիմպիական Խաղերում միակ հայ ձյուդոիստը։ Մարզիկն արդեն ունի Օլիմպիական ուղեգիր, սակայն պաշտոնապես դեռ չի ստացել։ Հովհաննես Դավթյանի ուղեգիրը վերջնական հաստատվեց ապրիլի 21-23-ը Թաթարստանի մայրաքաղաք Կազանում կայացած Եվրոպայի առաջնությունում՝ բրոնզե մեդալ նվաճելով։ Երրորդ տեղի համար գոտեմարտում Հովհաննես Դավթյանը պարտության էր մատնել թուրք Բեքիր Օզլուին։

«Հովհաննես Դավթյանի ուղեգրի հայտը չի գա, մինչեւ մայիսի 20-ին ձյուդոյի միջազգային ֆեդերացիան չփակի վարկանիշային աղյուսակը։ Պատճառը զուտ տեխնիկական է, ուրիշ խնդիր չունենք, օլիմպիական ուղեգիրն ունենք։ Վարկանիշային աղյուսակում Հովհաննես Դավթյանն այս պահին լավագույն 22-ի մեջ 10-րդն է։ Իսկ օլիմպիական ուղեգիր հասնում է վարկանիշային աղյուսակի լավագույն 22 ձյուդոիստներին։ Աղյուսակը փակվելուն մնացել է երկու մրցաշար՝ Բավքի Գրան պրին եւ Ալմաթիի Գրան պրին։ Բաքվի Գրան պրիին այսպես, թե այնպես, չէինք մասնակցելու։ Բաց կթողնենք նաեւ Ալմաթիի Գրան պրին»,- ասաց Դավիթ Խիթարյանը։

Հովհաննես Դավթյանը մայիսի 3-ից մեկնարկում է Օլիմպիական Խաղերին ընդառաջ նախապատրաստական փուլին։

«Հովհաննես Դավթյանի համար այլեւս չենք նախատեսում որեւէ մրցաշարի մասնակցել, բայց վստահ նշածս երկու մրցաշարերի արդյունքում 10-րդ տեղից Հովհաննեսը չի իջնի 23-րդ տեղը։ Հովհաննեսն իր ուժերը կկենտրոնացնի Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու վրա։ Կանցկացնենք մի քանի ուսումնամարզական հավաքներ Հայաստանից դուրս՝ մայիսի 3-13-ը՝ Սոչիում, մայիսի 16-23-ը՝ Անթալիայում կմասնակցնեք միջազգային մեծ հավաքի, շուրջ 30 պետությունից 500 ձյուդոիստով, հունիսի 17-27-ը տասնօրյա հավաք կունենանք Զագրեբում, ապա հուլիսի 3-17-ը՝ Ճապոնիայում՝ Տոկիոյում։ Դրանից հետո կվերադառնանք Երեւան, մարզումները կշարունակենք այստեղ եւ օգոստոսի 3-ին կմեկնենք Ռիո։ Ի դեպ՝ հայտնի է նաեւ մեր մրցելույթի օրը Օլիմպիական խաղերում՝ օգոստոսի 5-ին կշռման արարողությունն է, 6-ին՝ մրցումը։

Վստահ ենք, մենք ուղեգիր ունենք, արդեն պաշտոնապես կհայտարենք, երբ ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի որոշման համաձայն վարկանիշային ցանկը կհրապարակվի եւ մեզ անվանական կուղարկվի օլիմպիական ուղեգիրը»,- նկատեց Դավիթ Խիթարյանը։

Անդրադառնալով 52 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչի եւ 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանի օլիմպիական ուղեգրեր նվաճելու հնարավորություններին՝ ֆեդերացիայի փոխնախագահը նշեց.

«Ֆերդինանտ Կարապետյանի ու Ժաննա Ստանկեւիչի օլիմպիական ուղեգրերի համար միավորները լրացնելու հնարավորությունները քիչ են։ Նրանք պետք է 12 աստիճանով բարձրանան, որ մտնեն վարկանիշի մեջ, ինչը քիչ հավանական է։ Նրանք այժմ պատրաստվում են մասնակցել Ալմաթիի Գրան պրիին։ Միավորները ավելացնելու համար երկուսն էլ պետք է ոսկե մեդալակիր դառնան։ Սա կլինի օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու նրանց վերջին հնարավորությունը»։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով